Պողոս (Ալբերտ) Սուքիասյանի մահվան երկրորդ տարելիցը

Պողոս (Ալբերտ) Սուքիասյանի մահվան երկրորդ տարելիցը

Երկու տարի առաջ, փետրվարի 28-ին անսպասելի ու անժամանակ կյանքից հեռացավ իմ համադասարանցի և մանկությանս ընկեր Պողոս-Ալբերտ Սուքիասյանը (Հովհաննիսյան)։ Ինձ շատ դժվար է անցյալ ժամանակով խոսել իմ սիրելի ընկերոջ մասին, սակայն կյանքն ու իրողությունը այդպիսին են… Ես այս տողերը գրում եմ ու նրան հիշում ոչ միայն որպես իմ մոտ ընկերոջը, այլ նաև որպես մեր գյուղից սերված մի արվեստագետի, որ իր տաղանդով ու աշխատասիրությամբ մեծ բարձունքների էր հասել և իր անունով պատիվ բերել մեզ բոլորիս։
Պողոս (Ալբերտ) Սուքիասյանը ծնվել է Ծղալթբիլա գյուղում 1946 թվականին, Հովհաննիսյանների ընտանիքում։ Մենք միասին սովորում էինք առաջին դասարանում, երբ նրան որդեգրեց Նեոխրեբ գյուղում միայնակ բնակվող իր հորաքույրը և նա տեղափոխվեց այնտեղ։ Տեղի յոթամյա դպրոցը վերջացնելուց հետո, նա նորից մեզ միացավ և 1964 թ. միասին ավարտեցինք Ծղալթբիլայի միջնակարգ դպրոցը։ Այդ մի քանի տարին, դասարանում մենք երկուսով նստում էինք միջին շարքի առաջին նստարանին և կիսում մեր դպրոցական շրջանի բոլոր ուրախություններն ու մտահոգությունները։ Նա մեր դասարանի լավագույն աշակերտներից մեկն էր, բոլորիս համար ՝ նաև մի ազնիվ, նվիրված ու կատակասեր ընկեր։ Ալբերտը շատ նվիրված էր նաև իր հարազատներին և չնայած նրա հայրական տունը գտնվում էր մեր դպրոցի հարևանությամբ ու ինքը նրանց հետ ջերմ կապի մեջ էր, սակայն երբեք հորաքրոջը մենակ չէր թողնում, բավական մեծ տարածություն ոտքով անցնում, ամեն օր դպրոց էր գալիս Նեոխրեբ գյուղից։
Դպրոցն ավարտելուց հետո, մենք ընդունվեցինք ինստիտուտ և առաջին կիսամյակը միասին վարձով ապրում էինք Երևանի Այգեստան թաղամասի սեփական տներից մեկի առաջին հարկի սենյականման մի խցում, որտեղ հազիվ մի մահճակալ էր տեղավորվել ու երկուսով քնում էինք նրա վրա։ Ալբերտը ընդունվել էր Խ. Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտ և երկրորդ կիսամյակում հանրակացարան ստացավ ու տեղափոխվեց, սակայն մեր մտերմությունը ուսանողության հաջորդ տարիներին բոլորովին չպակասեց։
Չնայած Ալբերտը սովորում էր մանկավարժականում, բայց ամբողջ էությամբ ու մտքերով կապված էր թատերական աշխարհի հետ և բաց չէր թողնում Երևանի թատրոնների և ոչ մի ներկայացում ՝ հաճախ ինձ էլ իր հետ տանելով։ Նրա շնորհիվ էր, որ ես այդ տարիներին ներկա եղա հայ բեմի մեծ վարպետներ Վահրամ Փափազյանի, Ավետ Ավետիսյանի, Արուս Ասրյանի, Գուրգեն Ջանիբեկյանի, Բաբկեն Ներսիսյանի, Կարպ Խաչվանքյանի և մյուսների մասնակացությամբ շատ ներկայացումների։ Հիշողությանս մեջ դեռ չի խամրել Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնի շենքում (այն ժամանակ Սունդուկյանի անվան թատրոնի շենքը հրկիզված էր ու նրանց ներկայացումները տեղի էին ունենում այդտեղ) Վահրամ Փափազյանի Մեք Գրեգորն ու Վարդուհի Վարդերեսյանի Ջոննին Վիլյամ Սարոյանի «Իմ սիրտը լեռներում է» ներկայացման մեջ։ Մենք Ալբերտի հետ կլանված դիտում էինք այդ ներկայացումը և հավանաբար նրա մտքով անգամ չէր անցնում, որ տարիներ անց ինքը դառնալու է ՍՍՀՄ ժողովրդական դերասան Վարդուհի Վարդերեսյանի բեմական խաղընկերը։
Թատրոնի հանդեպ նրա սերը հաղթեց և վերջին կուրսերում Ալբերտը ընդունվեց ու միժամանակ սկսեց սովորել նաև Սունդուկյանի թատրոնին կից Վարդան Աճեմյանի կողմից նոր ստեղծված դերասանական վարպետության ստուդիան։ 1970 թվականից նա արդեն Արտաշատ քաղաքի Համո Խարազյանի անվան պետական թատրոնի դերասան էր և այնտեղ աշխատեց տասներեք տարի, կատարեց շատ ներկայացումների գլխավոր դերերը, այդ թվում Միքայել ՝ Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս», Պեպո ՝ Գաբրիել Սունդուկյանի «Պեպո», Թափառնիկոս՝ Հակոբ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» և այլն։
1985-ին տեղափոխվում է Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն, որտեղ նորից հանդիպում է Խորեն Աբրահամյանին, խաղում բազմաթիվ գլխավոր դերեր նրա և Ռազմիկ Աբրահամյանի, Հակոբ ու Երվանդ Ղազանչյանների, Միքայել Գրիգորյանի, Ալբերտ Մկրտչյանի բեմադրություններում։ Ալբերտի հիշատակին նվիրված և վերջերս նկարահանված փաստա-վավերագրական ֆիլմում, ինչպես արտահայտվում է թատերագետ Լևոն Մութաֆյանը, «Նա հաջողությամբ էր հանդես գալիս հայ, ռուս, արևմտաևրոպական, դասական և ժամանակակից խաղացանկի ստեղծագործություններում, մշտապես պահպանելով իր անհատականության տեսակը, ամեն մի դերակատարման մեջ մշտապես թողնելով անհատականության իր դրոշմը»։ Այդ ֆիլմում նրա մասին իրենց հիշողություններն են պատմում նաև բեմադրիչ Նիկոլայ Ծատուրյանը, դերասանուհի Անահիտ Հարությունյանը, Ալբերտի կինը, տղան, ընկերը ու մյուսները և ամբողջացնում նրա մարդկային լուսավոր կերպարը։
Պողոս-Ալբերտ Սուքիասյանի վաստակը որպես սիրված դերասան ոչ միայն գնահատվել է թատրոնի ու ժողորդի կողմից, այլ նաև պետական բարձր մակարդակով. Հայկական հանրապետության նախագահի հրամանագրով, նա հայ թատերարվեստի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի անձնակազմի անդամներից առաջինը, պարգևատրվել է Մովսես Խորենացու անվան մեդալով։ Հարազատի, ընկերոջ, համագյուղացու, սիրված դերասանի հիշատակը միշտ վառ կմնա մեր բոլորի սրտերում։
Պողոս-Ալբերտ Սուքիասյանի մասին երկու մասից բաղկացած փաստա-վավերագրական ֆիլմը կարելի է գտնել YouTobe-ում հետևյալ հասցեներով.




Անդրանիկ Պողոսյան, Los Angeles

Новость прислал: Андраник Погосян

04:00
4490
Զաքեվոս Հովհաննիսյան
15:08
Պողոս-Ալբերտ Սուքիասյանի մասին ֆիլմը բաղկացած է երեք մասից-
Загрузка...