Զատիկ

Тип статьи:
Авторская

Մեր գյուղի ժողովրդի ամենասպասված ու սիրված տոներից մեկը Զատիկն է: Նախորդ փոքրիկ պատմություններից մեկում այս թեման արդեն շոշափվել է, սակայն ինչպես արդեն նշել եմ, յուրաքանչյուրիս համար այն հարուստ է բազմաթիվ դեպքերով ու հիշողություններով: Մեր ու հարևան գյուղերի բոլոր բնակիչները` մեծ ու փոքր, անհամբեր սպասում և նախօրոք պատրաստվում են Զատիկի տոնին: Ընտանիքներում մեծերն արդեն սկսում են ձու տնտեսել, կանայք հերթի են կանգնում փուռ ունեցողների մոտ թխելու մեր գյուղի յուրահատուկ գաթան, փոքրերը նախապատրաստում են կռվացնելու իրենց հավերի "ղօչ" ձվերը:

Ընդ որում, ավելի ձեռներեց փոքրերը ճարում էին այլ թռչունի ձու, օրինակ բադի, սագի կամ այսպես կոչված` "ցիցար"-ի: Որոշներն էլ դիմում էին զանազան հնարքների ունեցած ձուն պնդացնելու համար, օրինակ, փոքրիկ աննշմարելի անցքով պարունակությունը հանում ու հետո "ձթում" էին: Երբեմն օգտագործում էին նույնիսկ ձվի նմանվող ծովի քարեր: ՈՒրիշներից լսելով, մի անգամ ինքս նույնպես փորձել եմ մոտ երկու ամիս արևի տակ ձուն "չորացնել" ` այն տանիքի վրա գագաթին կանգնեցրած վիճակով ամրացնելով, որը հետո հենց առաջին "կռվում" կոտրվեց:

Տոնը սկսվում է կիրակի առավոտյան, երբ մարդիկ հավաքվում են գյուղի կենտրոնում ու սկսում ձու "կռվացնել": Սա ևս ունի իրա նրբությունները և բավական վարպետություն ու փորձ է պետք պայմանավորվելու, նախապատրաստելու, հաղթելու, նույնիսկ ձուն պարտվողից վերցնելու առումով: Երբ արդեն բավական մարդ է հավաքվում ու օրը սկսում է տաքանալ, մի քանի հոգի գնում են նվագողների հետևից և ժողովուրդը սկսում է շարժվել դեպի "կուլաշի կալը": Յրահատուկ նվագի տակ "կուլաշն" սկսում են փոքրերը: Բազմությունը ստվարանալուց հետո, արդեն հրապարակ են մտնում մեծերը։ Աշխույժությունը գնալով ավելանում է, ուրախ բացականչությունները, կշտանմբաանքները մասնակիցների ու դատավորների հանդեպ ավելի հաճախակի դառնալով` երբեմն հասնում նաև հայհոյանքների: Վերջիններս մեր գյուղերում այս կամ այն չափով ընդունված են և տեղի բնակիչների համար զարմանալի չեն: Այդ օրվա "կուլաշը" վերջանում է արևի մայրամուտին մոտ ու ժողվուրդը քննարկելով հետաքրքիր պահերը`վերադառնում է տուն: Այն վերսկսվում է հաջորդ առավոտյան ու այսպես շարունակվում երեք օր: Պայքարը առանձին "փայլվանների" ու գյուղերի միջև իր գագաթնակետին է հասնում երրորդ օրվա վերջին: Երբեմն այն վերջանում է բավական լուրջ վեճերով ու կռվով:

Զատիկի տոնին մասնակցելու համար գալիս էին դրսում ապրող գրեթէ բոլոր մեր համագյուղացիները, հաճախ իրենց հետ բերելով ընկերներին, բարեկամներին: Այդպիսի տոներից մեկի ժամանակ մեզ հետ էին նաև մեր ըկերներից մի քանի հոգի իրենց ընտանիքներով: Մենք խմբով կանգնած էինք բազմության մեջ ու հետևում էինք իրադարձություններին: Որոշ ուշացումով, մեզանից ոչ հեռու նստածների մեջ տեղավորվեց նաև հարևան գյուղացի, "շլյապա" գլխարկով ու պատկառելի տեսքով, տարիքով մի մարդ: Արտաքինից թվում էր կիրթ մարդ, սակայն անսպասելին սկսվեց, երբ կռվահարթակ դուրս եկավ իր համագյուղացիներից մեկը: Նրա ամեն մի հաջող հնարքին կամ սայթակումին սկսեց բարձր գոռալով համապատասխան հայհոյհանք տալ. "վայ ես քու ....դ ուտեմ", "ձո ես քու ...դ ք.....": Մեզ հետ եկած կանայք հանկարծակի եկած սկսեցին հարցական մեզ նայել, չիմանալով ՝ ինչ անել: Ես հանգստացնող նշաններով իրենց հեռացրի "վտանգավոր" հարևանից և բացատրեցի, որ ներքևի գյուղում դա ընդունված է ու սովորաբար դրան ուշադրություն չեն դարձնում: Դրանից հետո երկար տարիներ այդ փոքրիկ դեպքը ընկերներս ուրախ հիշում ու վերապատմում էին:

2027
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...