Սղոցարանի աշխատակիցները

Тип статьи:
Авторская

Գյուղում մեր կոլտնտեսությունն ուներ փայտի սղոցարան, որտեղ աշխատում էին մի քանի համագյուղացիներ: Այն ապահովում էր շինարարության ինչպես համայնական, նույնպես և բնակիչների մասնավոր կարիքները:
   Հիշողությանս մեջ մնացել են այն դժվարությունները, երբ դեռ գյուղում էլեկտրականություն չկար ու ամեն ինչ ձեռքերով էր կատարվում:
Հնում գյուղի բոլոր տները հողածածկ էին: Մանկությանս տարիներին մերոնք գյուղում առաջիններից էին, որ քանդեցին մեր հողածածկ հին տունը և սկսեցին նոր, երկու հարկանի տան շինարարություն: Այդ պատճառով հորեղբայրներս մեր տան կողքին, տախտակներ պատրաստելու նպատակով հարմարեցրել էին մի հատուկ դազգահ:

Համապատասխան երկարությամբ մեծ գերանը բարձրացնում էին այդ դազգահի վրա և երկար ու մեծ սղոցով, մեկը վերևում կանգնած, մյուսը` ներքևում, յուրահատուկ շարժումներով ու ֆիզիկական մեծ լարումով սղոցում էին։ Տախտակները ուղիղ լինելու համար մոխրոտված թելով, նախապես գերանի վրա համապատասխան գծեր էին անում: Այդպես հոգնեցուցիչ աշխատում էին ամբողջ օրն ու կարողանում պատրաստել ընդամենը մի քանի տախտակ:
   Այն ժամանակ դեռ հասանելի չէին նաև տանիքը ծածկելու ներկայիս միջոցները ու գյուղում այդ նպատակով նույնպես փայտի տախտակներ էին օգտագործվում, բայց դրանց պատրաստման եղանակը այլ էր: Նորից հաստ ծառերից մոտ կես մետրանոց կոճղեր էին կտրատում ու դանականման մեծ գործիքի ու փայտյա մուրճի օգնությամբ դրանք աստիճանաբար ճեղքոտում, դարձնում էին բարակ տախտակներ («պադարվա»): Համապատասխան ձևով իրար վրա մեխելով ` դրանցով ծածկում էին տանիքը: Այդ ձևով պատրաստված տախտակները անձրևի ու ձյունի տակ ավելի երկար էին դիմանում։
   Առիթից օգտվելով` ցանկանում եմ զգուշացնել նաև, որ ներկայումս խիստ արգելվում է ազբեստից պատրաստված շինանյութի օգտագործումը: Այն առաջացնում է "Ազբեստոս" կոչվող մահացու հիվանդություն: Այստեղ ՝ Ամերիկայում, եթե շատ հին տներում պատահական հայտնաբերվի ազբեստից պատրաստված խողովակ կամ այլ իր, խստիվ արգելվում է ինքնուրույն որևէ բան ձեռնարկել կամ գցել աղբարկղը: Պետք է զանգել հատուկ կազմակերպություն, որը այդ նպատակով ունի աշխատակիցներ, պաշտպանական հագուստներ ու միջոցներ: Նրանք անմիջապես գալիս են ու պահպանելով համապատասխան կանոնները, այն տեղափոխում են:
   Այս տողերն ընթերցող համագյուղացուս տարակուսանքը ինձ հասկանալի կլինի, քանիզի նախկին Սովետական հանրապետությունների բնակավայրերի համարյա բոլոր տները ծածկված են ազբեստի շիֆերով: Սակայն պետք է հավատալ։ Այն արդեն վաղուց հիմնավորված է խորը ուսումնասիրությունների ու վիճակագրության տվյալների միջոցով:
   Վերադառնանք մեր փոքրիկ պատմությանը:
   Վերևումում հիշատակված գյուղի սղոցարանի աշխատողները մասնավոր գործերը երբեմն փողով էին անում: Մի հաջողակ օր, նրանցից ավագը փողը տալիս է այդ ասպարեզում "լավ համբավ" ունեցող գործակիցներից մեկին և ուղարկում արաղի հետևից:
   Գյուղում այն ժամանակներում խանութի արաղ օգտագործողներ գրեթէ չէր լինում:
   Այդ գործավորը ինչ-որ մեկի տնից արաղը առնում և հաջողությամբ հասցնում է ընկերներին: Նստում են ընդմիջման սեղանի շուրջ և սկսում իրենց ճաշկերույթը: Ավագ գործընկերը հերթով բաժակները լցնում է արաղով ու նրանք իրար առողջություն ու բարիք մաղթելով ` խմում են: Վերջին կենացի վրա նա արաղը բերողի բաժակը թողնում է դադարկ: Մարդը հուսախաբ եղած ու զարմանքով` հարցնում է պատճառը:
   Պատասխանը հնչում է շատ վստահ ու առարկություն չընդունող. "Մենք քեզի լավ կու ճանչենք, ըրախին բերելու վախտը ա'դա'թ չէ օ դու վրեցեն պուտըմ առած չըլլէիր, էման օ` ձեն չէհանես":

1656
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...