Կարասների "երաժշտական" կափարիչները

Тип статьи:
Авторская

      Մինչ գյուղում պատահած այս փոքր դեպքի ներկայացնելը, նրա հետ կապված որոշ տեղեկություններ հաղորդեմ անցյալից: 

     1944 թվականին, խիստ գաղտնիության պայմաններում նախապատրաստվել և ուշ աշնանը Ախալցիխեի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի շուրջ 95000 (այլ տվյալներով 125000) թուրք բնակչթյուն ("Մեսխեթի թուրքեր") տեղահանվել ու աքսորվել են միջինասիական հանրապետություններ: Նրանց թվում են եղել նաև մեր գյուղում ապրող մի քանի թուրք ընտանիք  և հարևան` Ճառալ ու Ճաղիսման անվանումով թուրքական գյուղերի բնակիչները: 

   

     Աքսորյալներին գյուղերից հավաքել ու մինչև Ախալցիխեի նոր կառուցված երկաթգիծ են տեղափոխել զինվորականները իրենց բեռնատար մեքենաներով, իսկ այնուհետև նրանց վերջնական տեղը հասցրել  են  գնացքներով (կարծիք կա, որ երկաթգծի շտապ կառուցումը կապված է եղել այդ պլանավորած աքսորի հետ):  Ականատեսների վկայությամբ, Ադիգենի ու մեր մոտակա գյուղերի բնաչությանը տեղահանել են մի գիշերվա ընթացքում և այդ գիշեր մեր գյուղի ու դիմացի Ադիգենի շրջանի ճանապարհները ամբողջովին մեքենաների լույսեր են եղել,  լսվել է նրանց աղմուկը ու նաև` հատուկենտ կրակոցներ:

    Ճաղիսմանից երկու ընտանիք տեղափոխող մի մեքենան, Կարախտինի մոտ գտնվող Օչխարասու կոչվող ժայռից գլորվել է Փոցխով գետը։ Մեկ զինվոր ու  ընտանիքներից  երկու հոգի տեղում մահացել են, իսկ տուժածներից մի քանիսին էլ, մեր գյուղի հիվանդանոցում մեկ-երկու օր պահելուց հետո՝ նորից տարել են: Նրանցից մեկը` ողնաշարի վնասվածքով մի մանկահասակ աղջիկ, ավելի երկար է մնացել հիվանդանոցում և  պապիս խնդրանքով մայրս նրան խնամել է (այս մասին քիչ ավելի մանրամասը` հաջորդ նյութում):

     Աքսորին հաջորդող օրերին, պետական ցուցումով, մեր գյուղի կոլտնտեսականներին տարել են ամայի դարձած թուրքական այդ երկու գյուղերը և կոլխոզի համար հավաքել նրանց տներում մնացած իրերն ու ունեցվածքը: Չնայած այն ժամանակների ստալինյան խստություններին, որոշ մեր հայրենակիցներ  կարողացել են ինչ-որ բան պահել նաև անձական նպատակներով ու տուն տանել (փոխառության պարտատոմսեր (заем),  կենցաղային զանազան մանր իրեր և այլն):

     Շատ տարիներ անց, մեր գյուղի մեծահասակներից մեկը, իրեն տեսակցության եկած քրոջ տղային պատմում է վերը նշվաց դեպքերի մասին ու նաև հիշում, որ Ճաղիսման գյուղի թուրքերի տներից նրանց ունեցվածքը հավաքելու ժամանակ, ինքը ծեծել է 16-17 տարեկան նրա հորը, այսինքն`  իրենց ապագա փեսային: Երբ քրոջ տղան քեռուն հարցնում է իր հորը ծեծելու պատճառը, նա արդարանում է, որ ինքը թուրքերից մեկի տանը ձայնապնակներ է գտել ու մի տեղ թաքցրել` հետո տուն տանելու համար, իսկ տղայի ապագա հայրը իր պահածը  գողացել է և ինքն էլ նրան գողանալիս բռնել  է ու ծեծել: 

     Այնուհետև նրանց միջև հետևյալ հարց ու պատասխանն է տեղի ունենում.

    — Քեռի, էդ պլաստինքեստանն օ պեհել էիր, էտև դուք պատիֆոն ունեիք? 

    — Է չէ, չունեինք:

    — Է հպա էդիոնք իշ? տի էնեիր:

    — Մորս տի տայի օ մեր կարըսներուն բեյնին ղապպըղի տեղ բանեսներ:         

    — Գոնե էտև կայնցար տանի?

    — Հպա ինչ-էրի? Տարա օրնա մերըս-է շատ հավնեցավ:

1453
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...