Ինչպես բարձրացանք Արարատի գագաթը (վերջը)

Тип статьи:
Авторская

  Վերջապե ՜ս Արարատի գագաթին ենք… Միախառնվել են մեր ուրախության, հոգնածության ու վատ ինքնազգացողության բոլոր երևույթները։ Արարատի կատարի սառնամանիքի և ուժեղ քամու պայմաններում, կիսախելագար շարժումներով մենք իրար շնորհավորում էինք, ամենքս անկազմակերպ այս ու այն կողմ գնում, փորձում իրականացնել նպատակակետին հասնելու հետ կապված մեր զանազան ցանկությունները, նաև ՝ լուսանկարվել։ Մենք դժվարանում էինք հավատալ, որ արդեն հաղթահարել ենք բաղձալի գագաթը։ Այնտեղ երկաթյա ձողի վրա տատանվում էր քամուց պատառոտված կարմիր գույնի դրոշի մնացորդ, որի պատկանելիությունը նույնիսկ դժվար էր որոշել, բայց վերջինս հաստատում էր Սուրբ լեռան գագաթին գտնվելու իրողությունը։  

  Հարութը թղթի վրա գրել էր մեր խմբի բոլոր անդամների անունները և այն դժվարությամբ թաղեց սառցակալված ձյունի մեջ։ Նա նաև իր մահացած ծնողների նկարներնն էր իր հետ վերցրել ու նրանք նույնպես թաղեց ձյան մեջ։ Ես ու իմ զարմիկների զավակները, խմբի ընդհանուր իրարանցումից բացի, կարողացանք նաև առանձին նկարվել, խմել Ռոբերտի հետ նրա հոր ՝ իմ զարմիկ Քերոբի ուղարկած փոքր շշով հայկական «Արարատ» կոնյակը և Ռոբերտը նրա դադարկ շիշը լցրեց Արարատի գագաթի ձյունով, որպեսզի իր հետ տանի Հոլանդիա։

  Ամեն ինչ շատ խառն ու ինքնաբուխ ստացվեց, միմյանց հասկանալն ու ենթարկվելը բավական դժվար էր, գուցե նախօրոք պլանավորած ամեն ինչ չհաջողվեց անել, սակայն բոլորս շատ գոհ և ուրախ էինք, մեզ երջանիկ էինք զգում, մեր երազանքը իրականացվել էր։

  Ինձ հետաքրիր էր Արարատի գագաթից Երևանը տեսնելը և ձյունի վրայով շարժվեցի դեպի նրա երևանյան եզրը, սակայն, չնայած շատ պարզ եղանակին, Արարատյան դաշտավայրը առավոտյան մշուշի մեջ էր և բնակավայրերը չէին նշմարվում։ Լավ երևում էր Արագած սարը իր չորս գագաթներով։ Աստիճանաբար ինձ պարզ դարձավ, որ Երևանից երևացողը իրականում Արարատի ավելի ցածր գագաթ է և նրա հետևում գտնվող իսկական գագաթը այնտեղից չի նկատվում։

  Արարատի գագաթի վրա մոտ կես ժամ անցկացնելուց հետո, ափսոսանքի զգացումով սկսեցինք վայրէջքը։ Բավական դժվար էր նաև ցած իջնելը։ Մեր ոտքերը թուլացած էին ու ամեն մի փոքր սխալ շարժումից հեշտությամբ ընկնում էինք։ Ձյունի շերտը իջնելուց հետո, հանեցինք մեր ոտքերին ամրացրած երկաթները և շարունակեցինք խարխափելով իջնել քար ու ժայռերի արանքներով անցնող նեղլիկ կածանով։ Բոլորիս մոտ նկատվում էր հոգնածություն, գլխացավ, որոշ շշմածություն, ոտքերի թուլություն, ոմանց մոտ ՝ սրտխառնոց և այլ երևույթներ։ Դեպի ցած ընթանալով ՝ աստիճանաբար ցուրտը թուլանում էր, նաև արևը սկսեց տաքացնել ու մենք ազատվեցինք մեր կրկնակի հագուստներից, ավելի թեթևացանք։

  Իինչպես արդեն վերևում նշել եմ, իջնելու ճանապարհին, մեր խմբի հոլանդացի կինը սկսեց վատ զգալ, Չատինը վերցրեց նրա ուսապարկը, թևատակից բռնեց ու օգնեց նրան մինչև երկրորդ ճամբար հասնելը։ Բավական հոգնած, գլխացավով ու ընդհանուր «խարխլված» վիճակում հասանք երկրորդ ճամբարը։ Մեր վրանները գիշերը չէինք հավաքել և նրանցում մոտ մի ժամ պառկեցինք, հանգստացանք։ Մեթինն ու իր եբայրները թեթև սննդով սեղան էին պատրաստել, սակայն խմբի անդամներից և ոչ մեկը ցանկություն չուներ ուտելու, գրեթե բոլորը սրտխառնոց ունեին։

  Հանգստանալուց հետո, մենք բավական կազդուրվեցինք, մեր վրանները հավաքեցինք, Մեթինի օգնականները սկսեցին մեր իրերը ձիերին բարձել, իսկ մենք մեր ուսապարկերը վերցրած սկսեցինք իջնել երկրորդ ճամբարից դեպի առաջինը տանող քարքարոտ ու փոշոտ կածանով։ Հավանաբար կարճատև հանգստանալն ու օդում աստիճանաբար թթվածնի ավելանալը իրենց դերն ունեին ու այս անգամ իջնելը ավելի հեշտ էր թվում և ավելի արագ էինք շարժվում։ Չնայած դրան, մեր վրաններով ու իրերով բեռնավորված ձիերի քարավանը նորից մեզ հասավ ու առաջ անցավ։

  Մոտ երեք ժամում հասանք մեր առաջին ճամբարն և ամենքս մեր նախկին տեղում վրանները բացեցինք, հանգստացանք։ Այդ ընթացքում Մեթինն ու իր օգնականները դրսում սեղան էին բացել ու մեզ հյուրասիրեցին ոչխարի թարմ մսով պատրաստված խաշլամայով։ Մենք մեզ արդեն լավ էինք զգում, սրտխառնոց չունեինք ու կուշտ կերանք։ Իմ Լոս Անջելոսի ընկերները դեռ պահած ունեին թթի օղուց և չմոռացան խմել հաջող ու անփորձանք մեր վերադրաձի առիթով։

  Արդեն արևը մայր էր մտնում, դեռ պարզ եղանակը պահպանվում էր և ներքևից երևում էր Արարատի անամպ գագաթը։ Առաջին ճամբարում մի գիշեր ևս անցկացնելուց հետո, առավոտյան վաղ վեր կեցանք, հավաքեցինք մեր վրանները, ժամը յոթին նախաճաշեցինք ու սկսեցինք մեր վերջին օրվա վայրէջքը։ Կածանը արդեն այնքան քարոտ չէր, բայց ձիերի սմբակների տակ շատ փոշոտված էր և մենք մեծ մասամբ իջնում էինք կածանի կողքերի չորացած կանաչների վրայով։ Ժամանակ առ ժամանակ ետ էինք նայում և տեսնում պարզորոշ երևացող ու աստիճանաբար ավելի հեռու թվացող Արարտի սպիտակ գագաթը։ Հեռվից ձյունը ավելի սպիտակ էր թվում քան իրականում այն տեսել էինք կատարին եղած ժամանակ։ 

   Մոտենում էինք մեր արդեն ծանոթ քրդերի յայլային, նրանց երեխաները հեռվից տեսել էին մեզ և վազեցին մեզ ընդառաջ։ Մեր ունեցած ուտելիքները, շոկոլատները և հյութերը լրիվ բաժանեցինք նրանց։ Նրանք շատ պնդերես էին ու իրենք էին ցանկանում պրպտել մեր ուսապարկերը և այնտեղից որևէ բան վերցնել։ Հասնաք նրանց յայլային, բայց այս անգամ այնտեղ կանգ չառանք ու շարունակեցինք ներքև իջնել։

  Եղանակը մնում էր արևոտ ու պարզ, վերադարձին նույնպես շատ լուսանկարներ արեցինք։ Բոլորս նաև ճանապարհին քարեր էինք վեցրել որպես հուշ մոտիկներին նվիրելու համար։ Արարատի փեշերին կար նաև մեր գյուղի վերևներում աճող, մեր բարբառով «գազ» կոչվող փշոտ բույսերից ու «կոշտոն» (ուրցի նման բույս է, որ գյուղում օգտագործվում է որպես համեմունք)։ Խմբից մի քանիսը վերջիններից հավաքել էին իրենց հետ տանելու համար։

  Մոտ երեք ժամում հասանք 2200մ բարձրությունը, որտեղ մեզ էին սպասում մեքենաները։ Ձիերը նույնպես տեղ էին հասել ու մեր իրերը տեղափոխում էին մեքենաների գլխին։ Այնտեղ մի նոր խումբ էր եկել, որոնց մեջ կային ֆրանսահայեր։ Նրանց բերել էին հայաստանից երկու ուղեկցողներ, որոնցից մեկը լավ թուրքերեն էր խոսում։ Այդ նոր բարձրացող խմբում կար մի հայ աղջիկ, որը ասաց, թե երկրորդ անգամ է բարձրանալու Արարատ սարը, իսկ մի բարձրահասակ ֆրանսահայ տղա ուրախ տրամադրությամբ քոչարի էր պարում։ Ես նայում էի նրանց, հիշում մեր բարձրանալու դժվարությունը, չէի նախանձում և ցանկություն չունեի երկրորդ անգամ բարձրանալու։

  Մեքենաներով, մոտ մեկ ժամից ավել ժամանակում, նույն ճանապարհով մենք վերադարձանք Բայազետի մեր գիշերած հյուրանոցը։ Վարորդ Սիմոնը Ախալցխայից գիշերը եկել ու արդեն այնտեղ մեզ էր սպասում։ Խմբի անդամների մի մասը իրենց որոշ իրերը թողել էին հյուրանոցի պահասենյակում և վերցրին։ Ներսեսը արդեն նախօրոք ինձ ասել էր, թե երկար ճանապարհ չի սիրում գնալ և ցանկություն չունի Վան գալու։ Ես փորձեցի նրան համոզել, որ հետաքրքիր է լինելու, մեզ հետ գա, սակայն նա մնաց իր խոսքին հաստատ։ Ներսեսին թողեցինք հյուրանոցում, պայմանավորվեցինք իրեն վերցնել հաջորդ օրը ժամի երեքից հետո և մենք մեր հայկական խմբով ճանապարհ ընկանք դեպի Վան։

  Բայազետից Վան 185 կմ էր և այն անցանք երեք ժամում։ Ճանապարհի կողքերին բնակավայրեր քիչ կային և ամենուրեք չորացած խոտով լերկ սարեր էին կամ սև քարակույտեր։ Քաղաքին հասնելուն դեռ 70 կմ էր մնում, երբ ճանապարհի կողքին տեսնք ձուկ ծախող մի տղայի և քիչ հետո երևաց նաև Վանա լիճը։ Այն շատ գեղեցիկ կապույտ գույն ուներ, ճանապարհը շարունակվում էր նրա ափով, իսկ հեռվում նկատվում էին դիմացի ափի սարերը։ Լիճը շատ մեծ էր և երկայնքով նրա սահմանը չէր երևում։ Մի որոշ հատվածում ճանապարհը լճից հեռացավ ու նորից շարունակվեց նրա ափով։

  Քաղաք մտնելուց հետո, հեռվում բարձրության վրա երևաց Վանի բերդը, որը կառուցվել է մեր թվարկությունից մոտ ութ հարյուր տարի առաջ։ Քաղաքի կենտրոնի մարդաշատ փողոցով դժվարությամբ առաջ գնալով ՝ վերջապես գտանք Մեթինի խորհուրդ տված հյուրանոցը, հանձնեցինք մեր անձնագրերը ձևակերպելու համար և ստացանք սենյակների բանալիները։ Մոտ կես ժամ մենք մեզ կարգի բերելուց հետո, բարձրացանք հյուրանոցի վերջին ՝ վեցերորդ հարկի ճաշասրահը և մեզ համար հյուրանոցի աշխատողները բերեցին մեր պատվիրած լահմաջոները։ Ուտելուց հետո մենք խմբով գնացինք հյուրանոցից մոտ 15 կմ հեռու գտնվող լողափը։ Բոլորս լողացանք, նկարվեցինք, որպես Վանա լճից հիշատակ ՝ մանր ծովաքարեր հավաքեցինք։ Լճի ջուրը շատ աղի էր և այնտեղ լողանալը համեմատաբար հեշտ էր։  

  Մոտ երկու ժամ լճափում մնալուց հետո, վերադարձանք հյուրանոց։ Երեկոյան արդեն մթնել էր, երբ մեր խնդրանքով, հյուրանոցի աշխատողը մեզ ուղեկցեց մոտակայքում գտնվող մի ռեստորան։ Մուսուլմանակն կրոնական տոնի ՝ Ռամադանի հետ կապված, դրսում շատ ժողովուրդ ու շարժվող մեքենաներ կային։ Ռեստորանում խորոված ձուկ էինք պատվիրել, որը բավական ուշ բերեցին ու մենք մնացած ուտելիքներով արդեն գրեթե կշտացել էինք։ Այնտեղից դուրս գալուց հետո, խմբով գնացինք քաղաքի կենտրոնի մի սրճարան, սուրճ ու թեյ խմեցինք և փախլավա ու պաղպաղակ կերանք։ Հարութը բավարար չափով թուրքերեն լեզվին տիրապետում էր և բոլոր հարցերը տեղացիների հետ ինքն էր կարգավորում։ Բավական ուշ վերադարձանք հյուրանոց ու պառկեցինք քնելու։

  Առավոտյան  ժամը ութին հյուրանոցի ճաշարանում նախաճաշելուց հետո, խմբով նստեցինք մեր մեքենան ու ճանապարհ ընկանք դեպի Աղթամար կղզին։ Արդեն տեղեկացել էինք, որ նավակայանը, որտեղից պետք է գնանք կղզի,  մոտ քառասուն կմ հեռու է քաղաքից, սակայն մոտ յոթ կմ էր մնացել այնտեղ հասնելուն, երբ տեսանք հայերեն «Ախթամարի ճամբան» գրված մի ցուցանակ։ Կանգ առանք ու պարզվեց, որ այնտեղ ռեստորան կա, սակայն նրանք ունեին նաև զբոսանավ։ Հարութը հետները պայմանավորվեց, որպեսզի իրենց նավով մեզ տանեն Ախթամարի կղզին, հետ բերեն ու ռեստորանում մեզ Վանա լճի խորոված ձուկ հյուրասիրեն։

  Եղանակը արևոտ ու պարզ էր, նստեցինք երկհարկանի փոքր նավը, մոտ կես ժամից ավել գնացինք և շատ ուրախ տրամադրությամբ ու կատակներ անելով ՝ հասանք Աղթամարի կղզին։ Մոտ երկու ժամ այնտեղ անցկացրինք, մտանք Սուրբ Խաչ նշանավոր եկեղեցին (կառուցվել է 915-921 թթ.), Հարութը եկեղեցու մոտ «Դլե յաման» երգեց ու Հրաչը վիդեոնկարահանեց նրան։ Նայեցինք գերեզմանոցի խաչքարերը, շրջեցինք կղզում, որտեղ հասուն պտուղներով շատ նշի ծառեր կային և նրանցից նուշ քաղեցինք, կերանք։ Կղզում տեսանք նաև նապաստակներ ու մի մեծ կրիա, որի հետ մի քանիսը նկարվեցին։ Վերջում հայկական «Աղթամար» կոնյակ խմեցինք, խմբովի պարեցինք և շատ հետաքրքիր այլ պահեր ունեցանք։  

  Կղզու բովանդակալից ժամանցից հետո, մեզ սպասող նույն նավով վերադարձանք և լճափնյա բացօթյա ռեստորանում Վանա լճի մեզ խոստացված խորոված «տառեխ» ձուկը նույնպես համտեսեցինք։ Արդեն ցերեկվա ժամը մեկն էր, երբ ճանապարհ ընկանք դեպի Բայազեթ։ Մոտ երեք ժամից հետո հասանք Բայազեթի մեր հյուրանոցը, Ներսեսին վերցրեցինք ու ճանապարհը շարունակեցինք դեպի Ղարս։ Մասիսը մեքենայից երկար ժամանակ երևում էր և նրա վրա արդեն բավական շատ ամպեր էին կուտակվել։

  Երեկոյան մթնելուն մոտ հասանք Ղարս։ Այնտեղ հորդառատ անձրև էր տեղացել ու փողոցների մեծ մասը հեղեղվել էր։ Երկար փնտրելուց հետո, գտանք մեր նախորդ անգամվա ռեստորանը, ընթրեցինք, դուրս եկանք քաղաքից ու մեր ճանապարհը շարունակեցինք դեպի Ախալցխա։

  Գիշերվա ժամը 12-ին հասանք սահմանին, թուրքական ու վրացական մաքսատներից բարեհաջող անցանք և ժամը մեկին արդեն մեր գյուղում էինք։ Ջերմուկի մոտ մեքենան կանգնեց, Սիմոնը այլևս նույնիսկ փորձ չարեց վերև բարձրանալու և իրերի որոշ մասը իջեցրինք, իսկ մի մասն էլ թողեցինք մեքենայում, որպեսզի նա իր հետ տանի իրենց գյուղ ՝ Սուխլիս ու առավոտյան նորից հետ բերի։ Սիմոնի հետ պայմանավորվեցինք հանդիպել առավոտյան ժամը ութին և նա գնաց։ Այս անգամ մեր թաղի ճանապարհը չոր էր, մեր ճակատներին ամրացրած լույսերով, խմբով բարձրացանք տուն։ Հեռախոսով մերոնց նախօրոք կարողացել էինք զգուշացնել մեր ուշ տեղ հասնելու մասին և նրանք քնած չէին, սակայն մինչև որոշ պատրաստություններ էինք տեսնում թեյելու համար ՝ ընկերներիցս ոչ մեկը չսպասեց, բոլորը երկար ճանապարհից հոգնած, մտան իրենց անկողիններն ու քնեցին։

  Արդեն առավոտյան ժամը յոթն էր, բոլորը վեր էին կացել, լվացվեցին, խմբովի պատրաստեցինք նախաճաշի սեղանը և բավական ուրախ տրամադրությամբ թեյեցինք։ Այնուհետև նրանք իրենց իրերը վերցրեցին ու իջանք ներքև ՝ Ջերմուկի մոտ։ Սիմոնը արդեն եկել էր, Լոս Անջելոսի իմ ընկերները մեզ հրաժեշտ տվեցին, իսկ մենք իրենց բարի ճանապարհ մաղթեցինք, նստեցին մեքենան և ուղևորվեցին դեպի Երևան։

  Ես իմ վրա բավական մեծ պատասխանատվություն էի զգում մեր գյուղով անցնող ուղին նրանց առաջարկելու համար և թեթևություն զգացի, որ ամեն ինչ բարեհաջող ու անփորձանք ընթացավ։

 

    Հ.Գ.

  Իմ շարադարնքը գուցե ավելորդ մանրամասնություններ ու անձնական զգացումներ է պարունակում, սակայն ենթադրում եմ, որ այն օգտակար կլինի առաջին անգամ նման բարձրություններ նվաճել ցանկացող ոմանց համար կամ մյուսներին ՝ որպես այդպիսի մտքից հետ կանգնելու մի անձնական փորձառություն։

 

 

1855
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...