Ինչպես բարձրացանք Արարատի գագաթը (շարունակությունը)
Բավական ուրախ ու լավ անցավ մեր տան խնջույքը, բոլորին շատ դուր եկավ թթի թունդ օղին, որից ջրի շշերի մեջ վերցրինք նաև մեզ հետ ու մինչև վերադառնալու վերջին օրը այն բավարարեց (պետք է խոստովանեմ, որ ես ալկոհոլային խմիչք ընդհանրապես չեմ օգտագործում, այս անգամ էլ արաղի միայն համը փորձեցի և դեմքս ծռմռելով ՝ նույն զգացողությունը ունեցա, ինչպես այլ ոգելից խմիչքներից)։ Ընկերներիս համար նաև մեր մեղուներից մնացած մի շրջանակ մոմով մեղր բերեցի, կտրատեցի և նրանք բոլորը գոհունակությամբ կերան ու հավանեցին։
Առավոտյան վաղ արթնացանք, նախաճաշեցինք, Լոս Անջելոսի իմ ուղեկիցները հիացան մեր ծննդավայրի փարթամ ու գեղեցիկ բնությամբ, համտեսեցին գյուղի բալն ու հաղարջը, զարմացան մեր դեռ խակ ջանջուլից (որն առաջին անգամ էին տեսնում) և վարորդի հետ պայմանավորված ժամին ՝ 8:30, մեր իրերը ձեռքներիս, բոլորով իջանք Ջերմուկի մոտ։ Մի քանի անգամ զանգելուց հետո, վերջապես Սիմոնը մեկ այլ վարորդի ՝ Նեոխրեբցի Սերոբի հետ, մեկ ժամ ուշացումով եկավ։ Այդ ընթացքում իմ ընկերները ծանոթացան Ջերմուկի հարևանությամբ ապրող Ալեքի ու նրա կնոջ հետ, հյուրասիրվեցին սուրճով, համտեսեսցին իրենց անծանոթ ջանջուլի «ազման» ու փոխինդը (փոխինձ), իսկ Ալեքի ռուսաստանցի երկու փոքրիկ թոռնիկները մեզ համար նվագեցին և նույնիսկ մեր անտեղի այդ սպասումը շատ հետաքրքիր անցավ։
Մեր իրերը բեռնեցինք մեքենային, քարքարոտ ճանապարհով իջանք Նիոխրեբ գյուղը և միացանք Ախալցիխե-Արդահան մայրուղուն։ Վրացական մաքասատնից արագ անցանք, սակայն երկու ժամից ավել սպասեցինք թուրքական կողմի անցակետում։ Հարցը նրանում էր, որ Թուրքիա մտնող մեքենաների ապահովագրությունը նախկինում կատարվել էր հենց անցակետում, իսկ վերջերս նրանք այդ կարգը փոխել էին և մեր վարորդները այդ մասին անտեղյակ էին։ Սերոբը ստիպված եղավ մեկ այլ հայաստանցի վարորդի ՝ Գրիգորի հետ (որը նույնպես մի փոքր խումբ էր տանում Բայազետ), տաքսիով գնալ մոտակա թուրքական Պոսոֆ (Տյուղուր) քաղաք, մեքենաների ապահովագրություն վերցնել ու վերադառնալ և միայն դրանից հետո մեզ թույլ տվեցին մտնել Թուրքիայի սահմանից ներս։
Մինչև Պոսոֆ քաղաք ճանապարհը ինձ ծանոթ էր, 2007 թվականին ես ոտքով գնացել էի այնտեղ ու վերադարձել։ Պոսոֆից հետո ճանապարհը ոլորապտույտ բարձրանում էր վերև և հեռվում երևում էին մեր սարերը։ Մենք բավական բարձրացանք դեպի վերև և աստիճանաբար խորասուզվեցինք մշուշի մեջ։ Վարորդների ասելով ՝ ճանապարհի այդ բարձրադիր մասերը գրեթե միշտ մշուշով պատված են լինում ու դժվարացնում մեքենայի ընթացքը։
Մոտ 2500 մ բարձրությունից հետո, սկսեցինք իջնել ներքև ու չհասած Արդահան քաղաքին ՝ թեքվեցինք դեպի Ղարս տանող ճանապարհը։ Երբ մտնում էինք Ղարս քաղաքը, հեռվից երևաց նրա նշանավոր բերդը, որը ըստ Հարութի պատկերավոր արտահայտության, դժբախտաբար, առանց մի փափուշտ իսկ օգտագործելու ՝ զիճել էինք թուրքերին։ Ընդհանրապես, հենց Արևմտյան Հայաստանի հողը մտնելիս ու հատկապես քաղաքներով անցնելիս, իմ մոտ նախանձի ու ափսոսանքի մի տհաճ զգացողություն էր առաջանում. այս բոլորը մերն են եղել, իսկ հիմա միայն հյուրի կարգավիճակով կարող ենք այցելել ու տեսնել...
Ղարսում կարճատև դադար առանք, ռեստորաններից մեկում ճաշեցինք, իմ ընկերները գաղտնի ձևով օգտագործեցին նաև մեր հետ վերցրած թթի օղին (Ռամադանի օրերն էին և ոգելից խմիչք օգտագործելը մուսուլմանական օրենքով մեծ մեղք է համարվում)։ Այնուհետև Ղարսից դուրս եկանք, մեր հիմանական ճանապարհից թեքվեցինք մոտ 50 կմ հեռավորության վրա գտնվող հնադարյան հայկական մայրաքաղաք Անիի ավերակները։ Մուտքը այնտեղ վճարովի էր, տոմսեր վերցրեցինք ու Անիի հնամենի պարիսպների դարբասներով ներս մտանք։ Մոտ երկու ժամ անցկացրինք Անիի ավերակներում, գրեթե եղանք բոլոր առկա կիսաքանդ եկեղեցիներում, Մայր տաճարում, դիտեցինք, զարմացանք, հիացանք, նկարվեցինք…
Հարութը մասնագիտությամբ պատմագետ լինելով, լավ ծանոթ էր մեր հայոց պատմությանը և մեզ համառոտ բացատրություններ էր տալիս Անիի ու նրա եկեղեցիների մասին։ Նա հիշեց նաև մեր համագյուղացի Վահան Հովհաննիսյանի պատմվածքների փոքր ժողովածուն «Անիից քարմը բեր» վերնագրով, որը արևմտահայության մոտ դարձել է թևավոր արտահայտություն։ Ըստ Հարութի ՝ Անին իր ժամանակաշրջանի աշխարհի խոշորագույն ու նշանավոր քաղաքներից մեկն է եղել և իր ծաղկման շրջանում ունեցել է հարյուր հազար բնակչություն։ Ավաղ՛, երկրաշարժներից ամեն ինչ ավերվել է և հետագայում մնացել օտարի ձեռքում…
Անին Հայաստանից զատող անդնդախոր ձորում Ախուրյան գետն էր հոսում, իսկ գետի մյուս ափին Հայաստանն էր, այդքան մոտիկ և այնքա՜ն հեռու…
Հիացմունքի ու ափսոսանքի խառը զգացումով հրաժեշտ տվեցինք Անիին։ Նույն ճանապարհով վերադարձանք Ղարս և մեր ուղին շարունակեցինք դեպի Բայազետ (Դոգուբայազետ)։
Ղարսից Բայազետ ճանապարհը մոտ 200 կիլոմետրից ավել էր և տեղ հասանք երեկոյան շատ ուշ։ Ռամադանի հետ կապված, քաղաքը ամբողջությամբ եռուզեռի մեջ էր, ժողովուրդը դրսում էր, բոլոր խանութները բաց էին, ամենուրեք ցերեկային աշխուժություն էր տիրում։ Այս ու այն կողմ հարցնելով, դժվարությամբ գտանք Մեթինի նախանշած Golden Hill Hotel հյուրանոցը։ Մեր վարորդները ՝ Սիմոնն ու Սերոբը մեզ այնտեղ հասցնելուց հետո, պայմանավորվեցին հանդիպել օգոստոսի երկուսին և նրանք հետ դարձան դեպի Ախալցխա։
Շուտով հյուրանոց եկավ նաև Մեթինը, անձնապես ծանոթացավ մեզ հետ, պայմանավորվեցինք մեր հետագա համագործակցության հարցերի վերբերյալ, վճարեցինք նախապես խոստացված գումարը և տեղավորվեցինք հյուրանոցում։ Նա նաև հայտնեց, որ մեր խմբին են միանալու ևս յօթ հոգի ՝ երկուական իսպանացի, իտալացի, գերմանացի ու հոլանդացի մի կին և այդպիսով մեր խումբը դառնում է քսան հոգուց բաղկացած։ Վերջիններս նույնպես գտնվում էին նույն հյուրանոցում։
Մենք երկար ճանապարհից հոգնած ու սոված էինք, հյուրանոցի աշխատողները հատուկ մեզ համար լոլիկի (պոմիդորի) ձվաձեղ պատրաստեցին, վերջին հարկում գտնվող ճաշարանում մենք բոլորով ընթրեցինք (չմոռացանք նաև հոնի օղին) և ամենքս գնացինք մեզ հատկացված սենյակները քնելու։
Առավոտյան վաղ ես արթնացա ու հյուրասենյակի լուսամուտից անմիջապես տեսա բոլորովին մոտ գտնվող ու ամպերով պատված Արարատը։ Դուրս եկա պատշգամբ ու երկար նայում էի Արարատ սարին ու նաև ՝ պատմությունից ծանոթ, բայց իրականում շատ անծանոթ, առավոտյան լռության մեջ խորասուզված Բայազետ քաղաքին։
Ժամի յոթին մեր խումբը ըստ պայմանավորվածության հավաքվեց հյուրանոցի ճաշարանում, նախաճաշեցինք, արդեն ամպերից քիչ ազատված Արարատի ֆոնի վրա նկարվեցինք և ժամի ութին դուրս եկանք հյուրանոցից, մեր անհրաժեշտ իրերով ու հագուստեղենով սկսեցինք տեղավորվել Մեթինի ապահոված երկու մեքենաներում։ Մեզ միացան նաև մեր խմբի այլազգի նոր անդամները և բոլորով միասին ճանապարհ ընկանք տեպի Արարատի ստորոտը։ Ճանապարհը հողածածկ էր, փոշոտ և մեկ ժամից ավել գնալուց հետո, հասանք սարի 2200 մբարձրության վրա գտնվող համապատասխան վայրը, որտեղ մեքենայի ուղին արդեն վերջանում էր։ Այնտեղ արդեն մեզ ձիերով սպասում էին մեր ուղեկիցները ՝ Մեթինի աշխատակիցները։ Նրանք մեր քնապարկերն ու անհրաժեշտ այլ իրերը մեքենաներից տեղափոխում էին ձիերի վրա, իսկ մենք մեր ուսապարկերը շալակեցինք և Մեթինի, նրա եղբոր ՝ Չատինի ու նրանց զարմիկի ուղեկցությամբ սկասեցինք դեպի Արարատի գագաթ մեր առաջին օրվա արշավը։
Մինչև Արարատի ստորոտ հասնելը ու հետագա ժամերին, նրա վրա եղած ամպերը կարծես կախարդական գավազանի օգնությամբ աստիճանաբար պակասում էին և օրվա մեջ գրեթե լրիվ անհետացան։ Արդեն ներքևից սկսեց պարզ երևալ սարն իր ամբողջ գեղեցկությամբ ու նրա ձյունաճերմակ կատարը։ Մենք ուրախացել էինք հետագա օրերին նույնպես լավ եղանակի կանխազգացումով և ոգևորված մագլցում էինք դեպի ցանկալի գագաթը։
Մի քանի ընդմիջումներով հասանք Մեթինին բարեկամ քրդական ամառային յայլան։ Այնտեղի վրաններում միայն կանայք ու երեխաներ էին, իսկ տղամարդիկ հավանաբար ոչխարների հետ սարի այլ մասերում էին։ Մեթինի խորհրդով մենք մեր կոշիկները հանեցինք, մտանք խալիչայով ծածկված մեծ վրանը, այնտեղ հատակին ծալապաատիկ նստեցինք և քրդուհիները մեզ համար թեյ բերեցին։ Որոշ ժամանակ այնտեղ հանգստանալուց, քուրդ փոքրիկների հետ նկարվելուց հետո, մենք նրանց հրաժեշտ տվեցինք ու շարունակեցինք մեր վերելքը։
Մեր արահետը հետզհետե դառնում էր ավելի զառիթափ ու քարքարոտ։ Արարատի այդ երեսին անտառներ չկային և միայն երևում էին քարեր ու արևից չորացած բուսականություն, իսկ հեռվում ՝ վերևում կային մեր գյուղի «Չարխախներ»-ին նմանվող սև ու խոշոր քարերի կուտակումներ։
Մոտ վեց ժամ քայլելուց հետո հասանք 3200 մ բարձրության վրա գտնվող մեր առաջին ճանբարին, որտեղ պետք է գիշերեինք։ Այն մի համեմատաբար հարթ տեղ էր, որտեղ արդեն կային մի քանի հիմնկան մեծ ու այլ խմբի ժամանակավոր բացված փոքր վրաններ։ Մեր իրերով ու վրաններով բեռնավորված ձիերը ճանապարհին մեզանից առաջ էին անցել ու ավելի վաղ հասել էին այդ ճամբարը։ Մենք ամենքս Մեթինից ստացանք երկտեղանոց վրաններ և մեր ընտրած տեղերում բացեցինք։
Մինչ խմբի անդամներս զբաղված էինք վրանները տեղադրելով, Մեթինն ու իր եղբայրը մեզ համար դրսում սեղան պատրաստեցին իրենց հետ բերված զանազան ուտելիքներով և բոլորով միասին ճաշեցինք։ Այնուհետև ամենքս մեր վրաններում հանգստացանք կամ դրսում մեզ համար զբաղվեցինք, նկարվեցինք, զրուցեցինք և այլն։ Երեկոյան բոլորով միասին մեծ վրանում նորից սեղանի շուրջը թեյ խմեցինք և մութն ընկնելուց հետո ՝ ամենքս գնացինք մեր վրանները։ Մեթինի հատկացրած բարակ սպունգանման թաղիքների վրա ու հետներս վերցրած անձնական քնապարկերում ՝ շորերով պառկեցինք քնելու։
Անսովոր տեղն ու «անկողինը» զգացնել էին տալիս, սակայն հոգնածությունն ու մաքուր օդը իրենցն արեցին և մենք կարողացանք քնել, հանգստանալ։ Առավոտյան վաղ ես արթնացել էի և լույսը բացվելուն մոտ դուրս եկա վրանից։ Եղանակը մնում էր շատ պարզ և դեռ երևում էր մեր գյուղի երկնակամարի նման հստակ, այնտեղի գիշերային աստղազարդ երկինքը։ Շուտով հեռվում երևացին արևի ճառագայթները ու հարթավայրի վրա ուրվագծվեց Արարատի պարզ ստվերը։ Տեսարանը շատ գեղեցիկ էր, ես մի քանի ֆոտոնկարներ արեցի, մոտեցա նկարիչ Հրաչի վրանին ու նրան ասեցի այդ մասին և նա նույնպես դուրս եկավ, Արարատի հեռվում երևացող ստվերը նկարեց։
Ժամի յոթին խմբով նախաճաշեցինք, մեր վրաններն ու իրերը հավաքեցինք, Մեթինի օգնականները սկսեցին բարձել ձիերին, իսկ մենք վերցրեցինք մեր ուսապարկերը և ժամի ութին ճանապարհ ընկանք դեպի երկրորդ ճամբարը։ Երկու ճամբարների միջև կածանը ավելի քարքարոտ ու զառիթափ էր և բարձրանում էինք ոլորաններով։ Բարձված ձիերը ավելի արագ էին շարժվում, նորից մեզ հասան ու անցան առաջ։ Մենք հաճախակի դադար էինք վերցնում ու հետզհետե ավելի դանդաղ էինք առաջ գնում։ Մեթինը սովորաբար առջևից էր ընթանում, իսկ Չատինն ու նրանց զարմիկը հետևից կամ կողքերից էին գալիս։ Նրանք հեշտությամբ մեծ քարերի վրայով ցատկոտում էին, երբեմն մեր կողքով վերև-ներքև անցնում և հոգնածության նշաններ բոլորովին չէին ցուցաբերում։
Այդ ճանապարհին մեզ հանդիպեց Արարատի գագաթից ներքև իջնող մի խումբ, որի կին մասնակիցներից մեկը իրեն վատ էր զգում ու իր ընկերներից երկուսը նրա թևատակերից բռնած ՝ օգնում էին իջնելու։ Մինչ այդ ինձ թվում էր, թե միայն վերև բարձրանալու ժամանակ է մարդ վատ զգում, բայց պարզվեց, որ նա կատարին հասել էր ու միայն իջնելիս սկսել էր վատ զգալ։ Նույնը պատահեց նաև մեր խմբի հոլանդացի կնոջ հետ. նա հաջողությամբ հասավ մինչև կատարը, բայց իջնելիս սկսեց վատ զգալ։ Պետք է նաև նշեմ, որ այդ կինն ու խմբում մեկ-երկուսը ծխողներ էին և ճանապարհին ժամանակ առ ժամանակ ծխում էին։
Մոտ 4000 մ բարձրությունից սկսեց երևալ փոքր Մասիսի, գրեթե մեր մակարդակին գտնվող սրածայր գագաթը։ Վրաց-թուրքական սահմանի մաքսատանը հանդիպած Երևանցի վարորդ Գրիգորը իր փոքր խումբը տանում էր այնտեղ բարձրանալու համար և ըստ նրա Սիսի գագաթը բարձրանալը, շատ զառիթափ ու խճաքարերով ծածկված լինելու պատճառով ՝ ավելի դժվար է։
Մոտ հինգ ժամում հաջողությամբ հասնանք 4200 մ բարձրության վրա գտնվող մեր երկրորդ ճամբարը։ Այն ժայռոտ մի տեղ էր և այս ու այնտեղ քարերից ազատված փոքրիկ հարթակներ կային ընդամենը մեկ վրան տեղավորելու համար։ Ներքևում, շատ հեռվում երևում էին մեր առաջին ճամբարի սպիտակ մեծ վրանները։ Եղանակը մնում էր շատ պարզ ու արևոտ և մեզ հույս էր ներշնչում Արարատի կատարին հաջողությամբ հասնելու։ Նման բարձրության վրա ես դեռ եղած չէի (անցյալ տարի իմ հաղթահարած Արագածի հարավային գագաթը 4000 մետրից ավելի ցածր էր) և ինքնազգացողությունս իմ սպասելիքներից ավելի լավ էր։ Նաև, ի զարմանս ինձ ու իմ ընկերների, այդքան երկար ճանապարհից հետո էլ ՝ դեռ սրտխառնոց չէի զգում։ Խմբի որոշ անդամներ, հավանաբար կապված անսովոր սննդի հետ, փսխումներ ունեցան ու փորլուծով էին տառապում։ Մենք մեր հետ համապատասխան դեղանյութեր էինք վերցրել ու նրանց հնարավոր օգնություն ցուցաբերեցինք։
Ամենքս մեր վրանները բացեցինք այս ու այն կողմում, խոշոր քարերի արանքներում, քիչ հանգստացանք և ճաշեցինք մեծ վրանում (այստեղ նույնպես կային մշտական երկու մեծ սպիտակ վրաններ)։ Մեթինն ու իր եղբայր Չատինը մեզ կերակրեցին խաղողի թփով տոլմայով, մածունով և այլ ուտելիքներով։ Արարատի գագաթը նվաճելու մեր վերջին վերելքը պետք է սկսեինք գիշերվա ժամի մեկին։ Նախորդների փորձը ցույց էր տվել, որ ավելի ուշ սկսելը որոշակի դժվարություններ կարող էր առաջանել արևի տաքացնելու, ցերեկը Արարատի գագաթին քամու ուժեղանալու ու այլ հարցերի հետ կապված։
Մեթինը մեզ բաժանեց ոտքերիս ամրացնելու կրամպոնները (երկաթյա ճանկերը), ճանապարհի համար որոշ դյուրամարս սնունդ ու հեղուկներ և դեռ մութը չընկած ՝ մենք բոլորս պառկեցինք քնելու։ Գիշերվա ժամի մեկին, շատ տաք հագնված, ճակատներիս լույսեր ամրացրած, արդեն պատրսատ էինք և Մեթինին հետևելով ՝ սկսեցինք բարձրանալ ժայռաբեկորների միջով ընթացող, քարքարոտ ու ծուռումուռ կածանով։ Թթվածնի պակասությունը իրեն զգացնել էր տալիս, շատ դանդաղ էինք առաջանում և հաճախակի դադարներ էինք առնում։ Մեթինի եղբայրն ու զարմիկը, ըստ իրենց սովորության, մեր կողքերով, քարերի վրայով, երբեմն վերև ներքև էին ցատկոտում, հետևում հետ մնացողներին կամ սուլոցով իրար նշան էին տալիս երթը դադարեցնելու մասին։
Մոտ մեկ ժամ արդեն բարձրանում էինք, երբ ներքևում նկատեցինք մի այլ բարձրացող խմբի լույսերի շարժվող ծուռումուռ շարանը։ Մեր խմբի անդամներից երկուսը սկսեցին վատ զգալ ու այլևս չկարողացան մեզ հետ շարունակել վերելքը։ Նրանք Չատինի ուղեկցությամբ հետ դարձան մեր երկրորդ ճամբարը։ Ներքևից եկող երկրորդ խուբի լույսերից նկատվում էր, որ նրանք ավելի արագ էին բարձրանում և մոտ երեք ժամից հետո հասան մեզ ու առաջ անցան։ Մեր կողքով անցնելիս նկատեցինք, որ բոլորը սպորտային կեցվածքով, մարզված երիտասարդներ էին և իրենց հետ ունեին նաև ալպինիստի գործիքներ։ Չատինը նույնպես արդեն մեր վատ զգացող ուղեկիցներին հաջողությամբ իջեցրել էր ճամբար ու նորից հասել մեզ։
Չորս-հինգ ժամ վերելքից հետո ՝ մոտեցանք ձյան շերտին։ Արարատի հարավային մասում ՝ մեր անցած կածանի շրջանում, ձյունը ավելի բարձր էր սկսվում, իսկ մնացած տեղերում այն կար դեռ 4000 մ բարձրությունից։ Լույսը արդեն բացվում էր, երբ սառնամանիքի մեջ, որոշ դժվարությամբ մենք մեր ոտքերին ամրացրինք երկաթյա ճանկերը և վերելքը շարունակեցինք սառած ձյան շերտի վրայով։ Նպատակակետը բոլորովին մոտ էր երևում, սակայն բավական դժվար էր ձյունածածկ զառիթափով առաջ շարժվելը և ամենքս պարուրաված մեր հոգնածության, գլխացավի, սրտխառնոցի ու թթվածնային պակասի այլ զգացողությունների մեջ ՝ դանդաղորեն մաքառում էինք ցանկալի գագաթին հասնելու համար։
(շարունակելի)