"Հաշտարար" փեսան

Тип статьи:
Авторская

    Տան ու հողամասերի սահմանային վեճը մեր գյուղերում ապրող հարազատների կամ հարևանների միջև նախկինում  մշտական պատահող երևույթ էր: Այն դարձել է ավելի հազվադեպ, բայց չի վերացել նույնիսկ մինչև հիմա, երբ այնտեղ մնացել են հիմնականում տարիքավոր մարդիկ և մեծ թվով տներ ու հողեր գրեթե անտեր են, իսկ տերավորներին էլ մեծ դժվարությամբ է հաջողվում իրենց կալվածքները տնօրինել: 60-70-ական թվականներին, գյուղի բնակիչները բավական աշխույժ նոր տների շինարարություն էին սկսել և այդ վեճերն ավելի հաճախակի էին լինում:

 

    Երկու իրար հարևան մեծահասակ եղբայրներից մեկի տղան, մասամբ քանդում է իրենց  հին տունը և  կողքին սկսում նոր տան կառուցել: Նա, առանց տեղյակ պահելու հարևանին, տան մի պատը սկսում է շարել անմիջական հողամասերի սահմանին կից: Դրկից եղբայրն ու իր ընտանիքը արգելում են նման ձևով պատը դնել և պահանջում նոր տունը կառուցել իրենց հողամասից որոշ հեռավորության վրա: Այդ կապակցությամբ նրանց միջև վեճ է ծագում ու այն շարունակվում է ամիսներ: 

    Նույն գյուղում բնակվող երկու մեծահասակ եղբայրների քրոջ ամուսինը այդ վեճի մասին իմանում ու գալիս է տուն կառուցող ընտանիք և առաջարկում իր միջնորդությունը այդ հարցում: Նա մտերմորեն զրուցում է ընտանիքի անդամների հետ և վստահորեն խոստանում հարցը լուծել իրենց օգտին: Տանտերերը ոգևորվում են նրա լավատեսական խոսքերից ու այդ առիթով ճոխ հյուրասիրություն կազմակերպում: Փեսան, նրանց տանը լավ ուտել-խմելուց հետո,  վերհաստատում է իր խոստումը մոտակա օրերին այդ հարցը արագ կարգավորել և վերադառնում է իրենց տուն:

    Մի քանի օր հետո նա գնում է իր  մյուս   աներձագի տուն, հարցուփորձ անում  նրանց եղլիությունից և իբր պատահական իմանում տան կառուցման հետ կապված վեճի մասին ու ասում է. "Հլա իդյոնց այե տե իշ կէնիեն, օդքերդ դեմ տվեք չէթողնեք շինելու": Բավական երկար նրանց հետ նույնպես վիճելի հարցը իրենց օգտին քննարկելուց ու լավ հյուրասիրվելուց հետո, նա կուշտ փորով և քեֆը լավ  գնում է իր տուն: Ամիսների ընթացքում  "միջնորդ" փեսան մի քանի անգամ այսպիսի "բանակցություններ" է վարում և վեճն ավելի թեժացնում:

   Վիճելի հարցը վերջապես լուծվում է գյուղսովետի միջոցով, բայց գյուղում հարևանությամբ ապրող երկու եղբյարների ընտանիքներն երկար ժամանակ իրարից խռով են մնում: Անցնում են տարիներ, եղբայրներն ու նրանց "հաշտարար" փեսան բավական մեծ տարիքներում այս աշխարհին հրաժեշտ են տալիս, իսկ նրանց ավելի երիտասարդ ընտանիքի անդամները պատկառելի տարիքի են հասնում, հին վեճը մոռանում, նորից իրար հետ մոտիկ հարազատություն անում, վերհիշում անցյալի դեպքերը և  զրույցների ժամանակ պարզում իրենց "բարեկամի" իսկակն դեմքը: 

  

1559
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...