Հարևանները

Тип статьи:
Авторская

Ամեն մի փոքրիկ պատմության հետ փորձում եմ համառոտ տեղեկություններ հաղորդել նաև գյուղի այն ժամանակների կյանքի ու կենցաղի մասին: Ձգտումս բարի է, իսկ նպատակս է ՝ մեծերիս համար վերհիշել անցյալը ու երիտասարդներին ինչ որ չափով իրազեկ պահել գյուղի անցած-գնացած օրերի անցուդարձը: Ինչքանով է այն ինձ հաջողվում, թող դատի ընթերցողը, որի կարծիքը ինձ համար կարևոր է, բայց ճակատագրական չի: Քանզի ես գրողի անուն վաստակելու հավակնություն չունեմ, այլ միայն փորձում եմ իմ ուժերի ներածի չափով որոշ աշխույժութուն մտցնել այս կայքի մեջ: Ուստի ուրախ կլինեյի լսելու մյուսների կարծիքները, ուղղումները, հավելումները, ինչու չէ ՝ նաև գյուղի մասին ձեր իմացած փոքր պատմությունները:

Տարբեր ժամանակներ մեր գյուղի ժողովրդի ապրուստի համար եկամուտի աղբյուրները փոփոխվել են: Սկզբնական շրջանում հիմանական ապրուստի միջոց եղել են ցորենի դաշտերն ու անասնապահությունը: Հետագայում անասնապահության հետ միասին եկամտի հիմնական աղբյուր դարձան կարտոֆիլի մշակությունը, այգեգործությունը, մեղվաբուծությունը: Ընդ որում գյուղացիները իրենց հիմնական հույսը դնում էին ոչ թե կոլտնտեսությունից, այլ տնամերձ հողամասից ստացված բերքի վրա: Ստացված կարտոֆիլը կամ խնձորը, մեծ դժվարությամբ, վագոններով, հետագայում նաև մեքենաներով հասցնում էին Ռուսաստանի հեռավոր ու մոտիկ քաղաքներ և ծախում շուկաներում: Մենք՝ ընտանիքի անդամներս, հույսով ու անհամբերությամբ սպասում էինք նրանց վերադարձին: Հատկապես մեզ` երեխաներիս ուրախացնում էին այնտեղից բերված անսովոր մրգերը, քաղցրավենիքները, նոր հագուստները:

Ժամանակի ընթացքում կարտոֆիլը որոշ չափով փոխարինվեց թթու դրած վարունգով: Այն շատ ծանր ու աշխատատար զբաղմունք էր կապված մշակման, տակառներով տեղափոխման ու իրացման առումով: Միաժամանակ սովորություն դարձավ նաև արտագնա աշխատանքը ու որոշ ընտանիքների ապրուստի միակ միջոցը դա էր:

Ահա այդ տարիներին, մեր գյուղացիներից մեկը, Ռուսաստանի մոտակա քաղաքնքերի շուկաներից մեկում,  7-8 օրվա ընթացքում հաջողությամբ ծախում է իր այդ տարվա ստացած կարտոֆիլի բերքը ու հավաքվում է վերադառնալու: Այդ միջոցին շուկա են մտնում մի քանի համագյուղացիներ:

 Սովորաբար, տեղ հասնելուց հետո, գյուղացիները ծախու կարտոֆիլը վագոնով կայարանում պահում են ու նայում մոտակա շուկաները հարմար տեղ ընտրելու նպատակով:

Համագյուղացիները իրար տեսնելով, հարցուփորձ են անում և իմանում, որ շուկան հարմար է, կարելի է կարտոֆիլը բերել այստեղ: Նոր եկողները պարտքով փող են խնդրում կարտոֆիլը ծախած համաղյուղացուց գյուղում վերադարձնելու պայմանով: Մարդը սիրով համաձայնվում է ու իր ունեցած փողերը բաժանում նրանց ու վերադառնում գյուղ: Հետագայում բոլորը վերադարձնում են պարտքերը, բացի մեկից: Անցնում են տարիներ ու այդ մարդը այդպես էլ պարտքը չվերադարձրած մահանում է:

Այսպիսի “փոքր” նախաբանից հետո անցնենք մեր այսօրվա կարճ պատմությանը:
Մի անգամ, գյուղում երկու հարևաններ` մի մեծահասակ կին ու վերևում նկարագրված պարտք տվող տղամարդը ինչ որ պատճառով վեճի են բռնվում: Գյուղում հարևանների միջև վեճի պատճառներ շատ կան սկսած հավերը իրար բոստան մտնելուց մինչև դաշտը ջրելու համար կռիվները: Երբ գյուղից հեռու ես լինում, զարմանում ես այդպիսի չնչին պատճառներով մեկ-մեկու նեղացնելու վրա, բայց իրականությունը դա է և այդ վեճերեը մշտական են:

Երկու հարևանների միջև վեճը գնալով բորբոքվում է: Կինը ավելի մեծահասակ ու չարակամ լինելով, արդեն սկսում է վատ բառեր օգտագործել: Տղամարդը տեսնելով, որ չի կարողանալու սովորական եղանակով հաղթանակ տանել, դիմում է հոգեբանական միջոցի և ասում է. "...(անունը), յեփ օ դու դժողքը կերթաս, էնթեղ ռաստ քուքաս քու ախբորդ, էնոր հարցու տէ էն մարդու 300 մանեթ պարտքդ իշխո? չէտվիր": Կնոջ վրդովմունքը այստեղ հասնում է գագաթնագետին, բայց տղամարդը հանգիս թողնում ու մտնում է տուն:

1698
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...