Էժանագին ոսկին
Նախորդ դարի 60-ական թվականներին գյուղում սկիզբ առավ արտագնա աշխատանքի՝ խոպան գնալու սովորույթը: Այն աստիճանաբար թափ առավ ու իր բացասական կողմերով հանդերձ` գյուղի շատ ընտանիքների համար օգտակար եղավ նրանց տնտեսական վիճակը բարելավելու իմաստով:
Այդ տարին Ռոստովում ապրող մեր մի համագյուղացին, իր գյուղում ապրող աներձագի հետ աշխատանքի են մեկնում ոսկու հանքերով հայտնի Սիբիրի մի հեռավոր քաղաք:
Աշխատանքը վերջացնելուն մոտ, իրենց է մոտենում տեղի բնակիչներից մեկը ու բավական էժան գնով առաջարկում ոսկու մի մեծ կտոր: Տղաները հավատում են նրա բացատրությանը, որ իբր ոսկին հանքերից գողացված է ու այդ պատճառով էժան է ծախում: Իրար հետ խորհրդակցում են, հաշվարկներ անում ու որոշում, որ իրենց համար այն շատ ձեռնտու գործարք կլինի: Համաձայնվում են գնի հետ, բայց այդքան գումար չեն ունենում: Խոպանում աշխատած ամբողջ գումարը վճարելով ու պակասն էլ խոստանալով տեղ հասնելուց հետո ուղարկել, վերցնում են ոսկու կտորը: Տանը, թերթի վրա, երկաթի սղոցով ոսկին բաժանում են երկու հավասար մասերի: Սղոցելուց առաջացած փոշին նույնպես հավասար բաժանում են իրար մեջ և ուրախացած` մտքներում հաշվում այդ գործարքից ակնկալվող շահույթները:
Գործերը խոպանում վերջացնելուց հետո, նրանք միասին գնում են Ռոստով, ոսկին վաճառողի պարտք մնացած գումարը նույնպես ուղարկում են և աներձագը պատրաստվում է վերադառնալ գյուղ: Փեսան իր ոսկուց մի փոքր մաս կտրում ու նրա հետ ուղարկում է, պատվիրելով, որ այնտեղ ապրող իր ծնողները գյուղի ատամնաբուժներից մեկի մոտ ստուգել տան նրա իսկությունը:
Որոշ ժամանակ անց, նա հարազատներին հեռախոսային խոսակցության պատվեր է ուղարկում:
Խոսակցության իրավիճակը պատկերացնելու համար հարկ է առանձին նկարագրել այն:
Այդ տարիներին բավական մեծ դժվարություն էր գյուղի հետ խոսելը: Նախապես անհրաժեշտ էր պատվիրել խոսակցությունը, որից հետո փոստը հեռագիր էր ուղարկում գյուղ ու մի քանի օրից հետո խոսելու ժամադրություն տալիս: Գյուղում հեռախոսը միայն փոստում էր, բոլորը այնտեղից էին խոսում, սպասող շատ մարդ էր լինում ու միմյանց խոսակցությունները բոլոր ներկաները լսում էին: Ես հիշում եմ 1964-70թթ. Երևանում իմ սովորելու տարիները, երբ խոսակցությունը նախապես պատվիրելուց հետո, հրապարակի վրա գտնվող կենտրոնական փոստի միջքաղաքային խոսակցությունների նեղված ու շոգ սրահում, անհամբեր ու լարված բազմության աղմուկի մեջ, երկար սպասում էի գյուղի իմ հարազատների հետ խոսելու համար, որը ոչ միշտ էր հաջողվում:
Եվ ահա, հեռագիրն ստանալով, աներձագի մայրը գալիս է գյուղի փոստ` Ռուսաստանում ապրող տղայի հետ խոսելու: Տեսնում է այնտեղ հեռախոսային խոսակցության սպասող բավական շատ մարդիկ: Որոշ ժամանակ սպասելուց հետո, վերջապես տղային միացնում են ու մորը տրամադրում հեռախոսը: Տղան հարազատների որպիսությունը իմանալուց հետո, անցնում է "բուն նյութին" ու հարցնում. "Մ… էն ղրկած բանը էն բա՞նն է։ Մայրը գյուղից պատասխանում է. " Վ… ջան, էն բանը էն բանը չէ": Տղան չուզենալով հավատալ իր լսածին, նորից է հարցնում. " Էն բանը էն բա՞նն է… ու այսպես մի քանի անգամ կրկնելով` վերջապես իրար հասկանում են, որ "էն բանը էն բանը չի եղել":
"Ոսկու" վաճառականին գտնելու որոնումները անարդյունք են լինում…