Դեպքեր գյուղի հարսանիքներից
Շատ վաղուց, Ղազախստանում մեր ապրած տարիներին, եղբորս գրած նամակներում նկարագրված էր գյուղի հարսանիքներում պատահած մի քանի դեպքեր, որոնցից մեկը նվերի վերաբերյալ էր:
Բարեկամներիս ու համագյուղացիներիս հետ զրույցների ժամանկ կատակով նշում եմ, որ հարսանիքներին նվերներ տալու հարցում Ամերիկան մեր գյուղից առնվազը հիսուն տարով հետ է մնում: Այստեղ նույնպես, շատ մոտիկները նվեր են տալիս, իսկ մնացածը` արդեն բոլորին հայտնի ու ընդունված չափի գումար, որը տարեց-տարի ավելանում է փողի արժեզրկման հետ համընթաց:
Գյուղի այն ժամանակվա հարսանիքներից մեկում հարազատներից մեկը, հավանաբար տանը ուրիշ ավելի հարմար բան չգտնելով ու ավելորդ ծախս չանելով ՝ փեսային խոստանում է մի ոչխար տալ։ Փեսան գոհ չմնալով միայն խոստումից, ցանկանում է նվերն անմիջապես ստանալ։ Մարդն ստիպված գնում ու քիչ անց ոչխարը շալակած բերում է հարսանքատուն `պատճառ դառնալով հարսանքավորների ուրախ աղմուկին ու սրամտություններին...
Եղբորս նամակներում նկարագրված մյուս դեպքը երգչի մասին էր:
Մի ուրիշ հարսանիքում, գյուղում "հեղինակություն" հանդիսացող մի անձ փողը տալիս է նվագողներին ու պատվիրում մի երգ գյուղի "սիրողական" երգողներից մեկի կատարմամբ: Նվագը սկսում է, երգողը համաձայնվում ու պատրաստվում է երգելու, սակայն նախորդի հակառակորդ մեկ այլ "հեղինակություն" երգչին հրամայում է չերգել: Նրանք միմյանց հետ չխոսելով, յուրաքանչյուրը դիմում է երգչին ու իր ցանկությունն է ուզում պարտադրել: Վերջինս լինելով համեստ, վաղուց մեր գյուղ Հայաստանից բանակ եկած ու այստեղ ամուսնացած մի մարդ, մոլորվում է նրանց` իրար հակառակ ցանկություններից: Որոշ ժամանակ տատանվելուց հետո, վերջապես ուզում է սկսել երգը: Հակառակորդներից մեկը, մոտենում է ու իր խոսքը չհարգելու համար, գինու մեծ շշով հարվածում նրա գլխին: Արյունը թափվում է դեմքին ու դժբախտ երգիչը ուշագնաց ընկնում գետին: Հարսանքավորները խառնվում են իրար, տուժածին տեղափոխում Ախալցխայի հիվանդանոց: Նա երկու-երեք օր այնտեղ անգիտակից մնալուց ու երկար բուժումներից հետո, բարեբախտաբար առողջանում և վերադառնում է տուն:
Հաջորդ դեպքը վերաբերվում էր հարսանիքներից մեկի թամադային: Գյուղում սովորաբար հարսանիքի թամադա էր ընտրվում մոտիկ ազգականներից որևէ մեկը ու այն պատվավոր, բայց միաժամանակ բավական դժվար պարտականություն էր: Նրանից բավական մեծ ջանք էր պահանջվում, որպեսզի կարողանա, ամեն կենացից առաջ լռեցնել աղմկող հարսանքավորներին: Ժամանակակից տեխնիկայի գյուղ մուտք գործելու հետո, հարսանիքներում սկսեցին օգտագործվել նաև բարձրախոսները:
Այդ հարսանիքում, ծնողների կենացի ժամանակ, էլեկտրականությունը պատահականորեն անջատվում է ու լույսը հանգչում: Որոշ ժամանակ համբերելուց հետո, տեսնելով որ այն կարող է երկար տևել, մոմերի լույսի տակ, թամադան սկսում աղմկող ժողվրդին կարգի հրավիրել ու ցանկանում կենացը շարունակել: Սակայն քեֆները լավացրած հարսանքավորները, մթությունից օգտվելով ՝ չեն ենթարկվում նրա հորդորներին: Նա արդեն համբերությունից դուրս գալով, ջղայնացած, չաշխատող միկրոֆոնը դեռ ձեռքին պահած նստում է իր տեղը ասելով. "Ծօ… ձեր ծնողներն է օ հարսն է հետը...": Հակառակի նման այդ խոսքերի վրա էլեկտրականությունը հանկարծ վերականգվնում ու բարձրախոսով լսվում են նրա վերջին բառերը...
Նկարագրված դեպքից շատ տարիներ հետո նման իրավիճակի մեջ հայտնվեց նաև կրտսեր Բուշը, երբ լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ, մոռանալով միրոֆոնը անջատել, անպարկեշտ բառեր շպրտեց նրանցից մեկի հասցեին։ Այս հարցում նույնպես մեր գյուղը մի քանի տասնյակ տարով Ամերիկայից առաջ է…