Անցյալի նամակներ

Тип статьи:
Авторская

Դպրոցն ավարտելուց ու գյուղից դուրս գալուց հետո, բոլորիս տանջում է նույն` ծննդավայրի ու մեր հարազատների հանդեպ ունեցած անհագ կարոտը: Կարծում եմ, որ այն սկզբնական շրջանում բոլորս էլ բավական ծանր ենք տարել: Ժամանակի հետ այդ զգացումը աստիճանաբար թուլանում է, սակայն երբեք չի անհետանում: Անպատկերացնելի ու անհավատալի է, որ գյուղից գնացած ու այլևս չվերադարձած մեր հատուկենտ հայրենակիցները այդ զգացումը չեն ունեցել: Ներկայումս տեխնիկական զարգացումը հնարավորություն է ընձեռում այն բավական մեղմել, իսկ տարիներ առաջ այդ առումով հիմնական միջոցը նամակներն էին:

Դրսում գտնվելու առաջի ամիսներին, իմ ստացած այդ նամակները պահում ու նորից վերընթերցում էի, իսկ հետագայում սովորություն դարձրի և գյուղի մեր տանը, աստճանաբար կուտակեցի զանազան երկրներ ու բնակավայրեր ինձ ուղարկված փոստային բոլոր թղթակցությունները: Վերջերս գյուղում օրերով ու շաբաթներով վերանայեցի մի քանի ստվար արկղեր կազմող այդ հավաքածուն, վերընթերցեցի հետաքրքիր շատ նամակներ, նորից վերհիշեցի ու վերապրեցի այս սրընթաց դարաշրջանի իմ անցած ուղին ու իրադարձությունները: Նրացից մի քանիսը նաև այստեղի գյուղի մասին փոքրիկ պատմությունների նյութ դարձան։

Նամակները տեսակավորելուց հետո, առիթներն օգտագործելով սկսեցի անակնկալներ մատուցել հարազատներիս, բարեկամներիս, ընկերներիս` վերադարձնելով 30-45 տարի առաջ գրված իրենց նամակները: Շատ հետաքրքիր էր նրանց արտահայտած հուզմունքն ու տպավորությունը երկար տարիներ առաջ իրենց իսկ գրած նամակներից: Բերեմ դրանցից մի քանիսը:

Ներկայումս Փարիզում ապրող մեր ընկերներ-ամուսինները, հյուր գալով իրենց ծնողներին ու եղբորը այստեղ` Ամերիկա, հանդիպեցին նաև մեզ ու երբ կարդացին իրենց տարիներ առաջ մեզ Մոսկվա ուղարկված նամակները, շատ ուրախացած ու զարմացած իրար էին նայում: Կինը մոլորված հայացքով ինքն իրեն հարց տվեց, թե մենք այն ժամանակ այսպիսի մտածելակերպ ու առօրյա ենք ունեցել?

Հանրածանոթ ինտերնետային կայքի միջոցով վերջերս մեզ գտած, 40 տարի առաջ մեր Ղազախստանում ապրած ժամանակվա բժիշկ ընկերներից մեկի ուսուցիչ կինը իր զարմանքն ու հիացմունքը արտահայտեց, երբ ես ինտերնետի միջոցով նրան ուղարկեցի այն ժամանակվա, իր` կարմիր գույնի թանաքով, վայելուչ ձեռագրով գրված, բավական ծավալուն բացիկի պատճեն իրենց հասցեներով ու բարի մաղթանքներով, որը կպցրել էին մեր դռա վրա մեզ տանը չգտնելով: Բառացի բերում եմ նրա խոսքերը. «Андраник, я получила записку и потрясена! Неужели вы хранили ее столько лет!?»

Արդեն հայտնի բժիշկ, արտասահմանից արձակուրդ եկած հարազատներիցս մեկին վերադարձրի 70-ական թվականներին գրված նամակները, որոնցից մեկում ինձ էր ուղարկել երկրորդ դասարանում իր հորինած ու հայրենիքին նվիրված ծիծաղաշարժ մի ոտանավոր: Այն հետաքրքրությանբ ընթերցեցինք իր մեծահասակ ծնողների, կնոջ ու արդեն համալսարան սովորող երեխաների մասնակցությանբ և աշխույժ քննարկման ու կատակների պատճառ դարձավ:

Հայաստանից գյուղ եկած, բավական մեծ դիրքի հասած հարազատիներիցս մյուսին հանձնեցի մեծ վաղեմություն ունեցող իր դպրոցական տարիների ինձ Ղազախստան ուղարկված նամակները: Նա մեր տան պատին հենված, հետաքրքրությամբ, երկար ժամանակ լուռ ընթերցում էր իր հին նամանկները: Քիչ հեռվից ես ուշադիր հեևում էի նրան, նայում դեմքի արտահայտությանը ու գուշակում ապրումները: Դպրոցում նա լավ սովորող էր եղել հատկապես մաթեմաթիկական առարկաներից: Մոտենալով իրեն, կատակով հարցրի, թե նամակների մեջ իր տառասխալները նկատում է? Իմ համար անսպասելի, կատակը բավական լուրջ ընդունեց ու սկսեց արդարանալ, տարբեր պատճառներ բերել: Կատակս շարունակելով, ներքուստ փոշմանեցի արարքիս համար...

Գյուղում ապրող ազգականներիցս մեկի հետ զրույցի ժամանակ զարմացա, որ մի հարցի վերաբերյալ իր վաղեմի կարծիքը հիմա փոխված է: Երբ իրեն այն հայտնեցի, նա այդ չընդունեց ու իմ ասածը թերահավատորեն լսեց: Նորից կատակով հարցրի, թե ուզում ես հին նամակդ ցույց տամ ու ինքդ տես: Կասկածանքով ինձ նայեց ու ասեց. "Քնա նամակը բի": Այն կարդալուց հետո, զարմանքով նկատեց. "Ա'յ քեզի բա'ն":

Մի օր էլ հայրս պատմում էր վաղուց անցած-գնացած, մեր թաղի նոր ճանապարհը կառուցելու ժամանակ տեղի ունեցած դեպքերը ու բողքում թաղեցիների ոմանց կողմից իրականությունը աղավաղելու փորձերի մասին: Ես հաստատեցի, որ հին նամակներում ինքը այդ մասին ինձ գրել է ու իսկապես նրանք սխալ են: Հայրս խնդրեց այդ նամակը գտնել: Այն հեշտությամբ հանեցի ու հանձնեցի իրեն: Նա կարդալուց հետո ոգևորվեց ու ցանկացավ նամակը ցույց տալ նրանց: Հորս համոզեցի, որ ալևս չարժի հին հարցերը խառնել, ավելի ճիշտ է նամակը վառարանը գցենք ու այդ մասին այլևս չհիշենք:

Տասնինը տարով ինձանից փոքր, ներկայումս նույնպես բժիշկ դարձած ու արդեն համալսարան սովորող տարիքի երեխա ունեցող քույրիկիս, իր դպրոցական տարիքում, ինձ` երեսուն տարի առաջ Աֆրիկա գրած նամակները այդ իմ արխիվից բացակայում էին… Հասկացա, որ նա ավելի վաղ նայել ու իր գրածները վերցրել է այնտեղից: Նրանց բովանդակությունը ես լավ հիշում էի ու ճանաչելով քրոջս, միայն ինքս ինձ, մենության մեջ, ժպիտով արտահատեցի իմ վերաբերմունքը այդ փաստին:

Վերջում նշեմ, որ բավական թվով նամակներ դեռ իմ մոտ են ու սպասում եմ հարմար առիթի հեղինակներին անակնկալ մատուցելու: Ցավոք մի քանիսն էլ այլևս հասցեատեր չունեն...

10226
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...