Գլխարկ ու գլխաշոր

Тип статьи:
Авторская

Իսկ երբ գարունն է մոտենում հեռվից,
____և այնքա՜ն հեռվից,
Որ դեռ լուր չունի մատնիչ օդն անգամ,
Ես դա զգում եմ… իմ ականջներո՛վ
Եվ մինչև անգամ… գլխարկո՜վ իմ հին:

[1959թ.] ՊարույրՍևակ, «Զգայուն գլխարկ»


Գլխանոցները կարևոր դեր ունեն մարդկանց կյանքում, որոնք ոչ միայն պաշտպանում են մեր գլուխը արևից ու ցրտից, նաև բնորոշում մարդու սեռը, նրա ապրած բնակավայրն ու ազգությունը, ժամանակաշրջանն ու մոդան, խորհրդանշում անձի մասնագիտությունը (զինվորական, նավաստի, ոստիկան, բժիշկ և այլն), պատիվն ու արժանապատվությունը («գլխարկը գետնով տալ», «գլխարկը հանել»)։

Տարբեր ժամանակներում մեր գյուղի տղամարդիկ ու կանայք կրում էին տարբեր ձևի գլխարկներ ու գլխաշորեր։ Իմ սերնդի մարդիկ հիշում են, որ մեր փոքր ժամանակ, մեծահասակ տղամարդիկ իրենց գլխին կրում էին սև գույնի փաթաթաններ, որին գյուղում անվանում էին «ղաբալաղ», իսկ մեծահասակ կանայք ՝ նույնպես սև գույնի գլխաշորեր։ Այն ժամանակ, առանց գլխանոցի հասարակության մեջ մեծահասակի երևալը անպարկեշտություն էր համարվում։

Ավելի երիտասարդ տղամարդիկ ու փոքրերը կրում էին «ստալինյան» կամ այլ տեսակի գլխարկներ, իսկ կանայք ՝ վառ գույներով ծաղկավոր գլխաշորեր։ Մեր երիտասարդ տարիներին, նույնիսկ իմ կինը ՝ Լարիսան, մեր գյուղում ապրած չլինելով, մի անգամ Երևանում, միայն գլխաշորից ճանչեց մեր գյուղացի մի կնոջ ու ինձ հարցրեց. «Այն կինը ձեր գյուղից չի?»։ Ես նրան չէի նկատել ու Լարիսայի հարցնելուց հետո տեսա, որ փողոցում պատահական հանդիպած այդ կինը իսկապես մեր գյուղացի էր։

Գյուղում գլխանոցներով էին լինում նաև փոքրերից շատերը։ Հետագայում արդեն, երիտասարդների մոտ աստիճանաբար «մոդա» դարձավ առանց գլխարկի գյուղում ման գալու սովորությունը, որ ընդունեցին նաև տարիքավորների մի մասը։

60-ական թվականներին, գյուղի մեծահասակ մարդկանցից մեկը գնում է Ախալցխա անձնագրի համար նկարահանվելու։ Նա գլխարկով նստում է լուսանկարչի դիմացը և սպասում նկարվելուն։ Վերջինս նրան մի քանի անգամ զգուշացնում է, որ պետք է գլխարկը հանել, բայց մեր գյուղացին չի ենթարկվում և պահանջում է գլխարկով նկարել։ Նկարիչը փորձում է համոզել, որ անձնագրային բաժնում գլխարկով նկար չեն ընդունում, սակայան նկարվողը պատճառաբանում է, թե իր գլխին մազ չկա ու նորից հրաժարվում է գլխարկը հանել։ Ջղայնացած նկարիչը այլևս չի համբերում, արագ դուրս է գալիս, քիչ հետո նորից ներս մտնում մի ճաղատ երիտասարդի հետ միասին և ձեռքով ցույց տալով նրա քաչալ գլուխը ու դիմելով մեր գյուղացուն ՝ ասում է. «Տո ես քու մարըդ … հըպը աս ջահել տղեն ինչ? ընէ»։

Վերջերս սոցիալական ցանցերից մեկում հանդիպեցի նաև գլխարկի հետ կապված զավեշտական մի գրառման ևս, որ ոստիկանությունը ձերբակալում է նույնիսկ այն անձանց, որոնց հպումից, ասենք, ոստիկանի գլխարկ է ընկնում։ Փաստորեն, ոստիկանի գլխարկի ընկնելը նույնպես իր մեջ հանցակազմ է պարունակում։

2081
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...