Ոչխարի "քոլոմազ"

Тип статьи:
Авторская

Ոչխարը մեր գյուղի սիրված կենդանիներից է: Գուցե հիմա ընթերցողներից ոմանք պատկերացրին նրա մսի խորովածն ու խաշլաման, սակայն այն ավելի հաճախ իմ մոտ առաջացնում է ջերմ հիշողություններ մանկությունից: Մտապատկերումս վերականգնվում են այդ հեզ ու անվնաս կենդանու հետ կապված բազմաթիվ պատմություններ, որոնց անձամբ ներկա եմ եղել կամ հիշում եմ հորս ու պապիս պատմելով: Ինչպես գյուղում շատերը, մենք նույնպես պապերիցս սկսած միշտ ունեցել ենք ոչխարներ, լավ իմացել նրաց պահելու պայմաններն ու դժվարությունները:

Մեր կոլխոզում ֆերմայի վարիչ աշխատած մեծահասակ մարդկանցից մեկի, ինչպես նաև ծնողներիս պատմելով, պապս այդ գործում ունեցել է մեծ հմտություն ու փորձ: Նա երկար տարիներ եղել է կոլխոզին պատկանող ոչխարի հոտի հովիվը և պատվով է կատարել այդ պարտականությունը: Այնուհետև այդ գործը որոշ ժամանակ, երիտասարդ տարիքում շարունակել է նաև հայրս, բայց հետո տեղափոխվել մեղվապահության բնագավառ:

Ինչպես արդեն նշել եմ նախորդ պատմությունում, այն ժամանակներում կոլխոզն ուներ ոչխարների մի քանի ու այծերի մի առանձին հոտ, բայց սովորաբար, ամեն ոչխարի հոտին խառնում էին նաև մի քանի այծ: Դրա պատճառը ես այն ժամանակ չգիտեի, հետագայում հայրս ինձ պարզաբանեց: Սիրելի ընթերցող, հավանաբար դու նույնպես չգիտես այն ու հետաքրքրության համար առայժմ մտքումդ գուշակիր դրա իմաստը, վերջում ինքս կասեմ:

Արոտավայրերը լինելով անտառոտ տեղերում, բավական բարդություններ էին առաջացնում հովիվների համար: Ոչխարները սովորություն ունեն երբեմն տասնյակներով առանձնանալ, անջատվել հիմնական խմբից ու կորչել: Այն հատկապես պատահում է անտառի մեջ արածելու ժամանակ։ Հովիվը պետք է ուշադիր լինի, ժամանակ առ ժամանակ, առանց հաշվելու կարողանա որոշել հոտի թիվը, որը սովորաբար կազմում էր մոտ 3-4 հարյուր գլուխ: Կոլխոզի պատմության մեջ այդպիսի դեպքերը քիչ չեն, երբ տուն բերելուց ու հաշվելուց հետո, նոր միայն նկատվել է պակասորդը ու որոնումներից հետո անտառում հայտնաբերվել ոչխարներին կամ… միայն գայլերի հոշոտման հետքերը: Այս առումով պապս ունեցել է արտակարգ հիշողություն ու նրբազգացողություն. ամեն պահի, առանց հաշվելու անսխալ իմացել է հոտի թիվը, ճանաչել առանձին-առանձին բոլոր ոչխարներին: Բերեմ այդպիսի օրինակներից մեկը: Մի անգամ, Վալու յայլի մոտակայքում պապիս հոտի ոչխարներից մեկը կորչում է: Սարից իջնելուց հետո, Ախալցխա գնալու ժամանակ, նա բեռնատար մեքենայի վրայից, ճանապարհի կողքով գնացող հոտի մեջ ճանաչում է իր ոչխարին, մեքենան կանգնեցնում ու այն վրացիների ձեռքից հետ է վերցնում:

Փոքր հասակում, հորս հետ երբեմն ես էլ էի գնում ոչխար արածեցնելու և այդ օրերը տպավորվել են հիշողությանս մեջ: Վաղ առավոտյան, դեռ լույսը չբացված, ոչխարի հոտը տանում էինք դեպի վերևի սարերը: Կիսամութի մեջ հոտը խնմբված շարժվում էր ճանապարհով։ Առջևից վզներին զանգուլակներով այծերն էին գնում իրենց բնորոշ զնգզնգոցով, մի քանի գայլխեխտ շներ ալարկոտ ընթանում էին հոտի կողքերով ու մենք, մահակները ձեռներիս, երբեմն ձայն տալով ` հետևում էինք հոտին: Մինչև հասնում էինք որոշված վայրը, արդեն սկսում էր լուսանալ: Արածեցնում էինք մինչև արևը բավական բարձրանում էր երկնակամարում, ու հարմար տեղ ընտրելով` հոտը հավաքում հանգստի:

Հոգնած հոտը սովորաբար պառկում էր, կամ կանգնած որոճում: Սկսվում էր օրվա իմ համար ամենասպասելի ու լավ պահը: Մենք կրակ էինք վառում, հանում մեր հետ ունեցած ուտելիքը ու հայրս սկսում էր մի քանի ոչխարներից երկաթյա բաժակի մեջ կաթ կթել: Այդ կաթին հովիվները "Քոլոմազ" (հավանաբար թուրքերեն բառ է) էին անվանում և մի քանի ոչխարից քիչ-քիչ էին կթում, որպեսզի կթվորուհիները պակասը չնկատեին, հակառակ պարագայում բողոքի պատճառ էր դառնում: Նման մի դեպք հորս հետ տեղի էր ունեցել սովետական խիստ տարիներին, երբ սարերում ձիով պտտվող կոլխոզի նախագահին հյուրասիրել էր մի ոչխարից կթված կաթով: Կթվորուհին հայտնաբերել ու մեծ աղմուկ էր բարձրացրել և չնայած հորս բացատրությանը` ֆերմայի վարիչը նրան տուգանել էր մի քանի գլուխ ոչխարի պանրով։

Կաթը կրակի վրա տաքացնելուց հետո, հայրս իմ բաժակին շաքար կամ մեղր էր ավելացնում, իսկ ինքը խմում առանց քաղցրի։ Արդար լինելու համար ասեմ, որ միասին լինելու դեպքերում, երբեմն ինքը կաթ չեր խմում ՝ հավանաբար վերը նկարագրված նկատառումներից ելնելով: Որոշ ժամանակ ևս ոչխարներին արածեցնելով ու աստիճանաբար մոտենալով յայլային, կեսօրին հոտը բերում էինք կթելու: Այնուհետև, օրվա երկրորդ կեսին հայրս նորից տանում էր հոտն արածելու, բայց սովորաբար ինձ այլևս հետը չէր վերցնում:

Մի անգամ էլ պապիս հետ էի գնացել ու արդեն վերադառնում էինք կեսօրվա կթին: Պապիս հիշեցրի, որ այդ օրը կաթ չենք խմել: Նա հարցական նայեց ինձ, "տավարճուղ"-ից (կաշվե տոպրակ) հանեց երկաթյա բաժակը ու ընթացքում արագորեն մի քանի ոչխարից կաթը կթեց, տվեց ինձ խմելու: Ես կասկածանքով իրեն նայեցի ու ասեցի, որ կաթը եփած չի: Ասեց. "Խմի', բան չի ըլլի": Հում կաթ խմած չէի և, առաջին ու վերջին անգամ, բավական տհաճությամբ խմեցի այն: Դեպի յայլան իջնելու ճանապարհին, իբր իմ այդ զգացողությունը մոռանալու համար, Կաթնաղբյուր կոչվող աղբյուրից նաև բավական ջուր խմեցի: Զարմանալիորեն շատ կարճ ժամանակ անց, դեռ չէինք հասել յայլա, սկսվեց ուժեղ փորացավ ու համապատասխան աղմուկ: Տեղեկանալով, որ հում կաթի վրայից սառը ջուր եմ խմել, պապս սկսեց ինձ նախատել, բայց արդեն "բանը բանից անցել էր"… Հետևանքները երկար ժամանակ մեր ընտանիքում հիշվում էին...

Վերջում անդրադառնանք այն հարցին, թե ինչ նպատակով են մի քանի այծեր խառնում ոչխարի հոտին: Ինչպես նշեցի, ոչխարը շատ հեզ ու անշառ կենդանի է (որի պատճառով այդ բառը գյուղում օգտագործվում է նաև փոխաբերական իմաստով…): Նույնիսկ, երբ գայլը նրա վզից բռնած, պոչով հետևին խփելով տանում է հոտից հեռու, խեղճ կենդանին խելոք գնում է ու ձայն անգամ չի հանում: Իսկ այծը սովորություն ունի հոտի առջևով կամ կողքերով ման գալու, առանձնանալու և գայլերի համար ավելի հարմար է դառնում հովիվից ու նրա շներից աննկատ բռնվելու: Սակայն ի տարբերություն ոչխարի, այծը նման դեպքում լուռ չի մնում, այլ բարձր բոռում ու մատնում է վտանգի մասին:

1872
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...