"Մենք ենք, մեր գյուղը"

Тип статьи:
Авторская

Նախորդ փոքր պատմվածքներից մեկում արդեն նշել եմ, որ գյուղում հաճախակի էին մանր գողությունները այգիներից, դաշտերից, հարևաններից: Դրանք առանձնապես մեծ արձագանք չեին ունենում և շուտ մոռացվում էին: Բայց պատահում էին նաև բավական մեծ ու աղմկհարույց գողություններ, որոնք երկար ժամանակ քննարկման նյութ էին լինում, թշնամանքի պատճառ դառնում:

Մի գիշեր մեկի ոչխարը իր գոմից գողանում են: Առավոտյան տերը այն նկատելով, կասկածում է նույն թաղում ապրող հարևաններից մեկի վրա: Գողության փաստը տանը քննարկելուց հետո, վստահ լինելով իր կասկածանքի մեջ, նա կնոջն ուղարկում է «գողի» տուն: Կասկածյալ հարևանը իր դռանը զբաղված է լինում առօրյա գործերով, երբ կինը մոտենում, անսպասելի սկսում է, հարևաններին լսելի բարձր ձայնով, նման դեպքերում գյուղում օգտագործվող վատ բառերով (այդ թվում ՝ նաև ոչխարի փոխարեն առաջարկելով ուտել իր փափուկ մարմնամասերից մեկը ու ձեռքով ցույց տալով այն) նրան մեղադրել գողության մեջ: Հարևանը սկզբում հանկարծակի է գալիս, բայց իմանալով պատճառը, խիստ ազդվում է: Սկսվում է աղմկալի վիճաբանությունը արդեն հավաքված մյուս հարևանների ներկայությամբ ու մասնակցությամբ: Կինը, ներսում կուտակած զայրույթի հիմնական մասը թափելուց հետո, մնացածն էլ ընթացքում մյուս հարևաններին բաժանելով, իր արարքից գոհ ՝ վերադառնում է տուն:

Կասկածյալի դպրոցական տղան, ներկա լինելով վիճաբանությանը, նույնպես շատ ազդվում է հարևանի անհիմն մեղադրանքից, սկսում է ըկերների շրջապատում հարցուփորձ անել և կարողանում է հայտնաբերել իսկական գողերին: Պարզվում է, որ մեր ու մոտակա գյուղի մի քանի պատանիներ, ինչ-որ առիթով քեֆ են կազմակերպել և մսի հարցը այդ ձևով են լուծել (այստեղ ես հիշեցի Հրանտ Մաթևոսյանի "Մենք ենք, մեր սարերը" պատմվածքը): Տղան գալիս ու այդ մասին հայտնում է ոչխարի տիրոջը: Վերջինս անմիջապես գնում է մատնանշած տեղը և իսկապես տեսնում քեֆի պատրաստվող տղաներին: Ամեն ինչ պարզաբանելուց հետո, ոչխարի տերը տղաներին առաջարկում է. " Էս օչխարը ձեզի հալալ ըլլի, հլա 10 մանեթ է փարա կուտամ ձեզի, մեննակ ըսեցեք, թե ....-ի (կասկածյալի) մանչն էլ էր ձեզի հետ": Գողերն ավելի ազնիվ գտնվելով, չեն համաձայնվում և պատասխանատվությունից խուսափելու համար, գումարն հավաքելով` վերադարձնում են ոչխարի տիրոջը :

Փոքրիկ հետևություն այս ուսանելի դեպքից. առանց հիմք ունենալու, միայն կասկածներով մեկին մեղադրելը սխալ է, տուժողը նորից ինքդ ես լինելու։

1665
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...