13 հունվարի 2009թ. ք. Բոստոն,ԱՄՆ

Тип статьи:
Авторская

Բարև ձեզ, սիրելի բարեկամներ: Այս մեր "Նորշեն" կայքում ակտիվությունը բավական ցածր է: Օգտվողներն հիմնականում երիտասարդներ են և դա լավ է իրար ճանաչելու, ծանոթանալու համար: Սակայն անհասկանալի է, թե ինչու են հաղորդումներն ու նյութերը այսքան քիչ?: Կարծում եմ, որ բոլորիս համար ճիշտ կլինի ավելի հաճախակի հաղորդակցվել, նորություններ փոխանակել, մեզ վերաբերվող հետաքրքիր նյութեր քննարկել և այլն:

Նախկինում գյուղից շատ քչերն եին դուրս գալիս, իսկ ներկա ժամանակներում, երբ մեր գյուղի ժողովրդի մեծ մասը սփռվել է ամբողջ աշխարհով մեկ, մենք ուրիշ միջոց չունենք մեր ինքնությունը, սովորությունները, ծեսերը պահելու և փոխանցելու մեր հաջորդ սերունդներին: Այս առումով շատ գնահատելի են մեր համագյուղացիներ Գ.Շիրխանյանի, Մ.Դարբինյանի, Պ. Հակոբյանի, Վ.Դարբինյանի կատարած աշխատանքները (եթե էլի կան ու ես չեմ նշել,թող ներեն ինձ):

Համագյուղացիների մեջ շատ քննարկումներ եղան հատկապես Վ.Դարբինյանի գրքերի վերաբերյալ, եղան նաև քննադատողներ: Իհարկե, որոշ սխալներ ու թերություններ կային, սակայն պետք է հաշվի առնել այն ահռելի աշխատանքը, որ նա կատարել է չլինելով համապատասխան մասնագետ, և այդ ժամանակաշրջանի դժվարին տարիներին ( ՍՍՀՄ-ի փլուզումից հետո), կարողացել է գրքերը լույս ընծայել: Պետք է արժանվույնս գնահատել ու շնորհակալություն հայտնել: Ինչպես ժողովուրդն է ասում՝ "չեն սխալվում նրանք, ովքեր ոչինչ չեն անում ":

Վերջերս լույս տեսավ նաև Հայաստանի հայտնի գիտնական ու մեծ հայրենասեր Սամվել Կարապետյանի պատկերազարդ "ԱԽԱԼՑԽԱ" աշխատությունը: Այն շատ գիտական ու հիմնավոր աշխատանք է: Ընթերցելուց հետո, Ախալցիխեին վերաբերվող ու մինչ այդ անհասկանալի շատ պատմական հարցեր պարզ են դառնում: Մյուս գյուղերի հետ միասին, բերված են նաև Ծղալթբիլային վերաբերվող պատմական տվյալներ ու կան հետաքրքիր նկարներ: Այդ հարցում նրան մեծ օգնություն է ցուցաբերել մեր համագյուղացի Լուիզա Մոսոյանը, որի համար նրան ևս երախտապարտ պետք է լինել և առիթից օգտվելով, Լուիզային ցանկանում եմ կամք և համբերություն:

Այստեղ իմ նպատակը չի կամ ինձ իրավունք չեմ վերապահում գյուղի համար կատարված օգտակար գործերի գնահատողի դերում հանդես գալու (այն գնահատվում է ժողովրդի կողմից), բայց ըստ իս չպետք է մոռանալ ամեն մի բարի գործ, լինի դա գյուղի պատմությանը վերաբերվող կամ սոցիալ-տնտեսական պայմանների բարելավմանն ուղղված բարեգործություն: Չեմ ուզում անուններ նշել, միայն կարծում եմ ճիշտ կլինի գնահատել կատարված գործն ու շնորհակալ լինել: Գուցե ուրիշներն էլ ունեն հնարավորություններ, բայց ցանկություն չի առաջացել գյուղին օգնել, ուստի որոշ հայրենակիցների կողմից բարեգործների հանդեպ մեծ պահանջներ դնելը կամ դժգոհելը, իմ կարծիքով սխալ է:

Հիմա անցնենք "Նորշեն" կայքին: Նախ և առաջ շնորհակալ պետք է լինել Արարատ Դարբինյանից այն ստեղծելու և տնօրինելու համար, ինչպես նաև օգնողներից, բարեգործներից ու բոլոր ակտիվ մասնակիցներից: Հատկապես կուզենայի նշել Ֆլորա Աղաբաբյանին, որ միշտ հետաքրքիր ու գրագետ նյութեր է ներկայացնում: Ցանկության դեպքում, ամենքն էլ իրենց հնարավորությունների չափով կարող են ակտիվ մասնակցություն ունենալ: Հավանաբար, իմ նման բոլորն էլ այս կայքը բացում են կարոտով ու հետաքրքիր նյութերի, նկարների ակնկալիքով և ուրախանում լավ նորություններով: Եկեք մի փոքր ժամանակ տրամադրելով, ուրախացնենք մեկս-մյուսին: Ցանկացած նյութ, նորություն կամ լուսանկար գյուղի վերաբերյալ բոլորիս էլ հետաքրքրում են: Չեմ կարծում մեզանից որևէ մեկն անտարբեր կլինի գյուղի ու նրա ժողովրդի հանդեպ:

Օրինակ ծառայելու համար, աղջիկս՝ Թերեզան, առաջարկեց գյուղի մասին փոքր, իրական պատմություններ գրել: Ես դեռևս գրելու փորձ չեմ արել, բայց մտահղացումը հետաքրքիր է: Փորձեմ, տեսնենք, գուցե իսկապես այն օրինակ կլինի մյուսների համար: Հասկանալի պատճառով անուններ չեմ նշում, բայց պատմություններն իրական են ու բնորոշում են այդ ժամանակաշրջանի մեր գյուղի մարդկանց կյանքը, ապրելակերպը, ծեսերը, սովորությունները, կատակները և այլն: Այս բոլորը նույնիսկ մեկ սերնդի կյանքի ժամանակամիջոցին զգալի փոխվում են: Այդ առումով ներկա սերունդը, հաշվի առնելով նաև օտարության մեջ ապրելու փաստը, այս պատմությունները կարող է այնպես չի ընկալում ինչպես գյուղում ապրած ու մեծացած ավելի տարիքավորները: Հետաքրքիր կլիներ լսել նաև նրանց կարծիքները:

Ահա մեկը պատահական մտքիս եկավ:

Հին ժամանակ դաշտերը միայն ձեռքերով կամ եզներով էին մշակում և հաճախ իրար օգնելու կարիք էր լինում: Մի անգամ, բաջանաղներից մեկը, իր դաշտում աշխատելու համար օգնության է կանչում մյուսին: Երկուսով գնում են Վերի Իսկա, ամբողջ օրն աշխատում և վերադառնում տուն: Օգնության գնացած բաջանաղը կնոջը բողոքում է. "Անոթի մեռա, սաղ օրը բան չեմ կերի": Կինը, թէ՝ "Քա քոռանամ ես, հբա էդ աննամուս քուրս հաց չէ՞ր դրի, հլա իդյո՛ր այէ": Մոտիկ օրերին նա հանդիպում է քրոջը և ամոթանք տալիս. "Աղջի՛ չամնչած, էդ մարդկանց ի՞նչի էս անոթի սատկեցուցի": Քույրը զարմացած պատասխանում է. "Աղջի ի՞շ քսես, մէ մեծ հավմ էի տապկի, հետնէ էլի ինչօ պետք է դրել էի": Օգնող ամուսնու կինը գալիս է տուն, պատմում եղելությունը: Մարդը նոր զարմանում է. "Ես է քսեմ, դե էդ ի՞շխո չուչուստ ձյորը շռելու կերթա":

1595
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...