Կատուն մեր գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիքի անբաժան «անդամն» էր հանդիսանում։ Ինչպես «Թանկարժեք կատուները»-ում ակնարկված է, առաջներում նրանց արժանիքը լավ մուկ բռնելն էր և ոչ թե ներկայիս նման, իրենց գեղեցկությամբ տան սերելին լինելը։ Սակայն նախկինում նույնպես, ի տարբերություն գյուղի շների, որոնց տան շեմից ներս չէին թողնում, կատուները միշտ մարդկանց կողքին, ամենատաք տեղում էին պառկած լինում և իրենց համար անհոգ մրափում։
Մարդկանց մեծ մասը մանկական հասակից ունենում են զանազան հակումներ ու նախասիրություններ, որոնցից սովորաբար նրանք չեն ձերբազատվում նույնիսկ մեծ տարիքում։ Մեր գյուղում պատահած այս երկու փոքրիկ դեպքերը ինձ վերջերս պատմել է այդպիսի մի անձնավորություն։ Նա իր մանկությունն ու դպրոցական տարիներն անցկացրել է գյուղում և չնայած հետագայում կյանքը շարունակել է մեծ քաղաքներում, սակայն փոքր հասակում հավերի նկատմամբ ունեցած իր հետաքրքրությունը պահպանել է մինչև հիմա և հարմարություններ ստեղծելով ՝ նույնիսկ հավեր է պահում քաղաքի ներկայումս իր ապրած բազմաբնակարանոց շենքի բակում։
Ինչպես հավանաբար բոլոր բնակավայրերը, մեր գյուղը նույնպես ուներ իր յուրօրինակ մարդիկ, որոնք բոլորին հայտնի էին իրենց զանազան "ընդունակություններով". աչքաչափով կամ առանց կշեռքի կշռելու ունակությամբ, ճիշտ ու սուտ գուշակություններով, մյուսներին չարախոսելու կամ ծաղրելու սովորությամբ, անհիմն մեծախոսությամբ կամ չափազանցված ստերով, հայհոյելու առանձնահատուկ մոլուցքով, հարբեցողությամբ և այլ բազմապիսի "շնորհքներով": Այդպիսի "մարիֆաթներ" ունեցողների անունները տալով` գյուղում, տարբեր առիթներով, միմյանց նմանեցնում էին նրանց ("իչղ օ …ենց Ա ...-ն ըլլիս"), գովաբանում ("Համաա Մ…-ին պես կայնաս կշռի") կամ նախատում էին իրար ("Դու խո այնա Պ…-ը չիէս?"):
Մեր գյուղերում տարածված են ընտանի կենդանիների հետ կապված զանազան համեմատություններ ու հայհոյանքներ, որոնց շարքում առավել հաճախ "հիշում" են խեղճ ավանակին . "իշու պես", "իշու խիելք", "իշավարի", "իշութուն", "էշ քշող", "էշ արծող", "իշու ձագ", "իշու զռիոց" և այլ "գունեղ" հայհոյանքներ, որոնց բոլորի այստեղ թվելը անհարմար է: Նախկինում գյուղում բավական թվով մարդիկ պահում էին այդ բանուկ ու խոնարհ կենդանիներին և նրանց արդյունավետ օգտագործում իրենց առօրյա աշխատանքներում:
Երկար տարիների բացակայությունից հետո, երբ նորից գյուղ այցելելու հնարավորություն ունեցա, մեր թաղի բարձրությունից աչքի խփեց գրեթե բոլոր տների տանիքների վրա ալեհավաք ափսեների առկայությունը: Ներկայիս գյուղի քչաթիվ պատանիների ու երիտասրադների համար հասանելի են ժամանակակից էլեկտրոնային տեխնիկայի` հեռուստատեսության, հեռախոսի, ինտերնետի նվաճումները, իսկ մի քանի տասնամյակներ առաջ, նախկին նրանց հասակակիցների ազատ ժամերի զբաղմունքները բոլորովին այլ էին, ավելի շատ կապված էին թաղերում զանազան խմբային խաղերի, հավաքների, անտառներում ու այգիներում տարբեր արկածախնդրությունների հետ:
Տան ու հողամասերի սահմանային վեճը մեր գյուղերում ապրող հարազատների կամ հարևանների միջև նախկինում մշտական պատահող երևույթ էր: Այն դարձել է ավելի հազվադեպ, բայց չի վերացել նույնիսկ մինչև հիմա, երբ այնտեղ մնացել են հիմնականում տարիքավոր մարդիկ և մեծ թվով տներ ու հողեր գրեթե անտեր են, իսկ տերավորներին էլ մեծ դժվարությամբ է հաջողվում իրենց կալվածքները տնօրինել: 60-70-ական թվականներին, գյուղի բնակիչները բավական աշխույժ նոր տների շինարարություն էին սկսել և այդ վեճերն ավելի հաճախակի էին լինում:
Ինչպես արդեն նախորդ պատմությունների մեջ նշել եմ, ես գյուղում հավաքել էի տարբեր տեղերում ապրելու և աշխատելու ընթացքում իմ ստացած բոլոր նամակները: Մի քանի տարի առաջ նրանց մի մասը բերեցի Ամերիկա: Այդ նամակները վերընթերցելիս, 1970 թվականին ինձ Ղազախստան գրած հորս նամակներից մեկում հանդիպեց այն ժամանակվա գյուղի կյանքին վերաբերվող մի դեպքի նկարագրության ևս: Նամակի այդ մասի մեջբերումը ես այստեղ կատարում եմ բառացիորեն ու հորս նկարագրած ձևով: Այն ժամանկ հայրս աշխատում էր որպես սովխոզի մեղվապահ ու մեղուները գտնվում էին Ճառալում:
1938 թվականին մեր գյուղի Սուրբ Փրկիչ եկեղեցին խորհրդային կարգերը դարձրել են ակումբ: Ես դեռ փոքր էի, այնտեղ կինո էի գնում: Կինոի տոմսն արժեր ընդամենը 50 կոպեկ (1961թ. հետո` 5 կոպեկ), սակայն փոքր երեխաներից ավելի ճարպիկները խուսափում էին վճարել ու կինո էին մտնում պատուհանի երկաթյա ճաղերի արանքով, կամ եկեղեցու կողքին գտնվող բարձր բարդու ծառով բարձրանում էին տանիքը, այնուհետև գմբեթով իջնում եկեղեցու ներսը: Փոքր ժամանակ մի անգամ ես ևս փորձել եմ պատուհանով մտնել, բայց չստացվեց, իսկ մեկ ուրիշ անգամ` մի քանի երեխաներով, նախօրոք ներսից բարձրացել էինք տանիքի մեջ ու կինոն սկսվելուց հետո, գմբեթով իջնելիս բռնվեցինք և մեզ դուրս արեցին: Հաճախ պատուհաններից մտնողներին նույնպես հայտնաբերում ու դուրս էին հանում:
Խորհրդային կարգերի փլուզումից հետո, Վրաստանի և Թուրքիայի հարաբերությունները գնալով լավացան, բացվեց մաքսային անցակետ նաև մեր գյուղի մոտակայքում ու հնարավոր դարձավ հեշտությամբ սահմանն անցնել, գնալ-գալ: Երկար ժամանակ գյուղում չգտնվելով, հեռվից-հեռու լսում էի, որ մեր համագյուղացիներից շատերը արդեն Թուրքիայով են գնում-գալիս Ռուսաստան, Եվրոպա, կամ խմբերով այցելում են մեր նախապապերի երկիր Էրզրումը: Իմ մեջ միշտ մեծ ցանկություն է եղել շրջել ու տեսնել Էրզրումի մեր գյուղը և արևմտյան Հայաստանի մյուս վայրերը:
Уважаемый Андраник да разве-же можно не скучать... там наша юность... там наши лучшие годы...ВСЕГО ДВА ГОДА...- И ВСЯ ЖИЗНЬ !!
ГОЛОСА ИЗ ПРОШЛОГО
По границе речка горная течёт
мои мысли за собою в быль влечёт
по ущелью мирно стелется туман -
спит Застава безмятежно славный клан.
Շուտով նորից մայիսի 28-ն է գալիս, սահմանապահի օրը: Գյուղի մեր մանկական ու դպրոցական շրջանի շատ հիշողություններ կապված են նաև սահմանի հետ: Ինչպես գյուղում ծնված ու մեծացած յուրաքանչյուր երեխա, ես նույնպես հետաքրքրությամբ էի նայում այն ժամանկ մեր համեմատությամբ դեռ շատ հետամնաց թուրքական գյուղերին, առիթը բաց չէի թողնում մասնակցելու անմիջական սահմանի վրա կոլտնտեսային զանզան աշխատանքներին, երբ հնարավոր էր լինում ավելի մոտիկից տեսնել այդ գյուղերը, իրենց դաշտերում աշխատող թուրքերին, սահմանի մյուս կողմի ճանապարհով, հրացանները ուսերին ալարկոտ քայլող, իրենց հագուստով մեր զինվոներից խիստ տարբերվող թուրքական ասկարներին: Երբեմն ստացվում էր օգտվել նաև մեր սահմանապահների հեռադիտակներից ու այն մեզ համար մեծ հաջողություն էինք համարում: Գյուղում իմ ապրած ժամանակներից, սահմանի ու սահմանապահների հետ կապված մի քանի դեպքեր հիշողությանս մեջ տպավորվել են:
Նախորդ պատմության մեջ հիշատակվել էր 1944թ. ուշ աշնանը թուրքական Ճաղիսման գյուղերի բնակիչների աքսորի ժամանակ մեքենաներից մեկի վթարից տուժածների մասին, որոնց ստիպված մի քանի օր թողել են մեր գյուղի հիվանդանոցում ու հետո առանձին ուղարկել մյուս աքսորյալների հետևից: Նրանցից մեկը` ողնաշարի վնասվածքով 15-16 տարեկան մի աղջիկ, ի վիճակի չի եղել շարժվելու ու ավելի երկար է մնացել հիվանդանոցում:
Այդ դեպքից տարիներ առաջ, ինչպես գյուղի շատ տղամարդիկ, պապս նույնպես ապրանքափոխանակությամբ առևտուր է արել թուրքերի հետ ու հաճախ հասել է մինչև Արդահան:
Մինչ գյուղում պատահած այս փոքր դեպքի ներկայացնելը, նրա հետ կապված որոշ տեղեկություններ հաղորդեմ անցյալից:
1944 թվականին, խիստ գաղտնիության պայմաններում նախապատրաստվել և ուշ աշնանը Ախալցիխեի, Ադիգենի, Ասպինձայի, Ախալքալաքի շուրջ 95000 (այլ տվյալներով 125000) թուրք բնակչթյուն ("Մեսխեթի թուրքեր") տեղահանվել ու աքսորվել են միջինասիական հանրապետություններ: Նրանց թվում են եղել նաև մեր գյուղում ապրող մի քանի թուրք ընտանիք և հարևան` Ճառալ ու Ճաղիսման անվանումով թուրքական գյուղերի բնակիչները:
Ամռան ամիսներին գյուղի դաշտերի ջուրը միշտ պակասություն է արել: Չնայած կոլտնտեսության կազմակերպումից հետո, 1935-37 թթ. Ճառալի վերևի ձորից, անտառների միջով, ձեռքերով առու փորելով ու մեծ դժվարությամբ բերված ջրի հոսքը ինչ-որ չափով թեթևացրել էր այդ հարցը, սակայն հետագայում այն նույնպես անբավարար գտնվեց լրիվ չափով հոգալու ժողովրդի պահանջները: 1960-ական թվականներին էլեկտրական պոպմպեր տեղադրվեցին Մեծ գետի մոտ ու բավական լայն խողովակներով ջուր բարձրացվեց գյուղ: Դրանով ապահովվեց կոլտնտեսության դաշտերի որոշ մասի ջրամատակարարումը, բայց գյուղացիները իրենց անձնական արտերին նորից դժվարությամբ էին ջուր հասցնում:
Մեր գյուղում նախկինում կաթնատու կենդանիները ապրուստի միջոցներից հիմնականն էին համարվում: Ոչխարներ ունեին ոչ բոլորը, բայց կովեր կամ գոմեշներ (գյուղի բարբառով` "մատակ", իսկ արուն` "գոմեշ") պահում էր գյուղի գրեթե յուրաքանչյուր ընտանիք: Ընդ որում, գյուղն ուներ առանձին նախիր կովերի ու մատակների համար և հնում վերջինները ավելի մեծ թիվ էին կազմում: Չնայած մատակի կաթի յուղայնությունը ավելի բարձր է, սակայն, կապված մատակների խնամքի ու սննդի դժվարությունների հետ, նրանց թիվը աստիճանաբար պակասեց ու 70-ական թվականներին իսպառ վերացան: Ամռանը անսուններին տանում էին յայլա և այդ ամիսներին կենդանիներից սպասվող հիմնական կաթնամթերքը կարագն էր: Յայլայում գտնվելու 3-4 ամսվա ընթացքում, ամեն կովից ստացվում էր մոտ մի արկղ (25կգ) կարագ: