Վնասի հատուցում

Тип статьи:
Авторская

  Մեր սովխոզի դիրեկտորներից մեկի մասին գյուղում բավական մեծ թվով զվարճալի պատմություններ են տարածված։ Դրանց զգալի մասը իրական են և գուցե որոշ մասն էլ ՝ մտացածին, սակայն այս մեկը իսկապես եղել է ու լսել եմ դեպքին լավատեղյակ իմ մոտիկներից։

 Նախկինում մեր գյուղերի շրջապատի հողամասերը ցանկապատված չէին և այգիներ շատ քիչ կային։ Հիշում եմ, որ մեր մանկության տարիներին, գյուղերի մերձակայքում, ձմռանը դահուկով ազատ սղում էինք և այն ժամանակները ոչ մի պատնեշ չկար։ Հետագայում աստիճանաբար այդ տնամերձ հողամասերում պտղատու ծառեր տնկեցին ու դրանք արգելապատվեցին, իսկ կոլխոզի դաշտամասերը այդպես էլ մնացին առանց ցանկապատելու։ Նրանց մի մասը հսկվում էր պահակների կողմից, սակայն գյուղում անասունները շատ էին ու միշտ չէր, որ հնարավոր էր լինում պաշտպանել ցանքատարածությունները։ Նաև հիշում եմ, որ երբեմն կոլխոզի կամ սովխոզի դաշտ մտած անասուններին պահակները տանում էին հանրային գոմը, արգելափակում և միայն տուգանքը վճարելուց հետո վերադարձնում էին տիրոջը։

  Սովխոզի դիրեկտորի մոտիկ ազգականուհիներից մեկի ընտանիքը ապրում է մեր գյուղի «Ղռաճ» թաղամասում։ Այն ժամանակները նրանք կովեր էին պահել, որոնք խառնել են նախրին, իսկ երկու հորթերը սովորաբար տարել ու թաղի վերևի հանդամասում ազատ են թողնել։ Երեկոյան հորթերը ինքուրույն վերադարձել են կամ ընտանիքից որևէ մեկը գնացել ու բերել է տուն։ Այնտեղի սեփական հողամասերը գրեթե բոլորը ցանկապատ ունեն և պաշտպանված են, սակայն հորթերը երբեմն ավելի հեռու են գնացել, մտել սովխոզի այգիները և պահակների կողմից բողոքի առիթ տվել։

 Մի օր էլ հորթերը կորչում են և երկար փնտրելուց հետո պարզվում է, որ «Հաջագեղ»-ի մոտ գտնվող սովխոզի գոմի ոչխարապահ գամփռները նրանց հոշոտել են։ Հորթատեր ազգականուհին գնում է դիրեկտորի մոտ, պատմում դեպքի մասին և որպես մոտիկի ՝ հույս փայփայում հորթերի համար որևէ հատուցում ստանալու։ Սովխոզի դիրեկտորը ուշադիր լսում է նրա «սրտաճմլիկ» պատմությունը և վերջում հարցնում. 

   — Հ… ջան, շները հորթերուն հաստատ խեխտիէլ ե՞ն

   — Հա, Մ… ջան, խեխտիելօ կերիէլ են

   — Էրկուսին է՞

   — Հա, Մ… ջան, էմաաա՜նէ լավ հյորթ էինօ…

Դիրեկտորը համոզվելուց հետո, որ շները հորթերին իսկապես կերել են, ձեռքի ափով շփում է փորը և դեմքի ինքնագոհ արտահյտությամբ ասում.

      -  Օօօ՜ֆ, այեդե ինչըղ հանքշեցա, ինչղօ ես կերած ըլլիմ, էդիոնցն էդ է... 

   Հորթատերը իր ազգականի մոտ գնալուց փոշմանած ՝ ձեռնունայն վերադառնում է իրենց տուն։

1886
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...