Հարբած հավերը

Тип статьи:
Авторская

   Մարդկանց մեծ մասը մանկական հասակից ունենում են զանազան հակումներ ու նախասիրություններ, որոնցից սովորաբար նրանք չեն ձերբազատվում նույնիսկ մեծ տարիքում։ Մեր գյուղում պատահած այս երկու փոքրիկ դեպքերը ինձ վերջերս պատմել է այդպիսի մի անձնավորություն։ Նա իր մանկությունն ու դպրոցական տարիներն անցկացրել է գյուղում և չնայած հետագայում կյանքը շարունակել է մեծ քաղաքներում, սակայն փոքր հասակում հավերի նկատմամբ ունեցած իր հետաքրքրությունը պահպանել է մինչև հիմա և հարմարություններ ստեղծելով ՝ նույնիսկ հավեր է պահում քաղաքի ներկայումս իր ապրած բազմաբնակարանոց շենքի բակում։

   

   Մեր գյուղում հավեր ունեին գրեթե բոլոր ընտանիքները և փոքր տարիքում, հավանաբար, տղաներից շատերը զերձ չեն մնացել այդ ընտանի թռչունների հետ կապված զանազան արկածախնդրություններից. քարով խփել են հարևանների կամ իրենց սեփական հավերին, երկար թելի ծայրին կապված գարեհատիկով որսացել կամ հավանոցներից աննկատ փախցրել են նրանցից և երբեմն ընկերներով ուրախ «խրախճանք կազմակերպել»։ 

   Ներկա պատմությունը անող անձը նույնպես, փոքր հասակում, բավական հետաքրքրվել է հավերով, ուսումնասիրել նրանց, բայց մյուսների նման «կոպիտ ձևով չի վարվել» նրանց հետ։ Նա մի օր մեծ ցանկություն է ունեցել հավի միս ուտելու և իր տատիկից խնդրել է իրենց հավերից մեկին մորթել, սակայն տատը ափսոսացել է ձվատու հավերին ու մերժել է նրան։ Մինչ այդ, տղան նկատած է եղել, որ հարևանի արաղ քաշելու ժամանակ, դրսում թափված լափի վրա հավերը քուջուջ անելուց հետո, «քեֆները լավացնում» և սկսում են շարժվել հարբած մարդու նման շորորալով ու սայթաքելով։ Հնարամիտ տղան այդ հիշելով, իրենց հավերից մեկին բռնում է ու տնեցիներից թաքուն, նրան զոռով արաղ է խմեցնում։ Խեղճ հավը արագ հարբում է, թևերը կախում ու սկսում է «ութ գրելով» շարժվել։ Տղան անմիջապես իր տատիկին հայտնում է, թե իրենց հավերից մեկը շատ հիվանդացել է։ Տատը տեսնում է «քեֆը լավ» հավին ու ենթադրելով, որ այն իսկապես շատ հիվանդ է, պապին հրամայում է. «Ծո իդիոր տար չուստըմ մորթե քանի հլա չէ սատկի»։

   Տղան իր գաղտնիքը չի բացում ու այդ «հնարքը» մի այլ դեպքում իրնց ընտանիքի համար ավելի օգտակար ձևով է կիրառում։ 

   Տատը Ախալցխայի ինկուբատորից ճտեր է առել, բայց իրենց հավերից ոչ մեկը թուխս նստել չի «ցանկանում»։ Նա հավերից մեկին տալիս է թոռանը և ուղարկում թաղում հարցնելու և այն փոխելու հարևանների թուխս ընկած մի այլ հավի հետ։ Տղան հավը թևատակին բավական երկար պտտվում է և ձեռնունայն վերադառնում է տուն։ Նա նորից հիշում է հարբած հավերին ու առանց տատին տեղյակ պահելու, իրենց հավերից մեկին արաղը է խմեցնում ու դնում է նոր բերված ճտերի վրա։ Որոշ ժամանակ անց, տղան անհույս վերադառնում է հավանոց ու տեսնում, որ այդ հավը «պինդ նստած է» այնտեղ։ Նա ցանկանում է ստուգել ճտերին, սակայն «քեֆը լավ» թխսացուն արդեն տիրություն է անում և բարձր կչկչալով ՝ նրան մոտիկ չի թողնում։ Տղան ուրախացած վազում ու տատին հայտնում է, որ իրեն հաջողվեց  հավերից մեկին թուխս դարձնել։ Տատը բավական զարմանում է և հարցնում, թե այդ ինչպես? նրան հաջողվեց անել, սակայն թոռնիկը իր գաղտնիքը նորից չի բացահայտում և պահում է այն գուցե մի այլ հարմար առիթի համար։

1987
Нет комментариев. Ваш будет первым!
Загрузка...